
Կառավարությունը քննարկում է նոր հարկային օրենսգրքի մշակման հարցը․ հնարավոր է փոփոխվի փոքր բիզնեսի հարկման համակարգը
Հայաստանի կառավարությունն աշխատում է նոր հարկային օրենսգիրք մշակելու ուղղությամբ։ Քննարկումները դեռևս նախնական փուլում են, սակայն մի շարք առանցքային հարցեր արդեն ուշադրության կենտրոնում են։ Խոսքը մասնավորապես արտոնյալ հարկման համակարգի փոփոխության և փոքր ու միջին բիզնեսի համար նոր կարգավորումների մասին է։ Սա նշանակում է, որ փոփոխություններ կարվեն շրջանառության հարկի և այլ հարկումների ուղղություններով։
Կառավարության 2021-26 թվականների ծրագրով նախատեսված է հետզհետե վերացնել արտոնությունները (խմբ. հարկային արտոնությունները), որովհետև կարծում ենք, որ դրանք արդյունավետ չեն: Հիմա մի քանի գաղափար կա, որոնք քննարկվում են: Երբ այդ քննարկումներն առարկայանան, արդեն դրա մասին կխոսենք և ավելի լայն կքննարկենք այդ հարցերը, — նշել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը
Գործադիրի տրամաբանությամբ՝ նպատակն է ստեղծել այնպիսի համակարգ, որը փոքր և միջին ձեռնարկություններին կօգնի ստեղծման փուլում խուսափել ավելորդ վարչարարության հետ կապված հարցերից, բայց միևնույն ժամանակ հնարավորություն ստեղծի ունենալ մոտիվացիա արագ զարգանալու և մեծանալու և խեղաթյուրումներ չառաջացնի ընդհանուր հարկման համակարգի և այսպես կոչված արտոնյալ հարկային համակարգի միջև։
Թեման քննարկվել է նաև հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ։ Հաջորդ փուլում ակնկալվում է մասնագիտական և հանրային ավելի լայն քննարկում։
Հիշեցնենք, որ մարտին ընդունվեց նոր ծրագիր, ըստ որի՝ Հայաստանում շինարարական, անշարժ գույքի, իրավաբանական ու հաշվապահական ոլորտներն այլևս չեն գործի արտոնյալ հարկային ռեժիմով։ Հարկային օրենսգրքի փոփոխությունները ուժի մեջ կմտնեն հունվարի 1-ից՝ հետադարձ ուժով։