ՀայաստանՏնտեսություն

Տավուշում հայտնաբերվել է փայտածուխի ապօրինի արտադրամաս

Տավուշի մարզում համայնքային ոստիկանները հայտնաբերել են փայտածուխի ապօրինի արտադրամաս։

Հունիսի 13-ին տեղեկություն է ստացվել, որ Գանձաքար գյուղի բնակչի կողմից ապօրինի տնտեսական գործունեություն է իրականացվում։ Ըստ նախնական տվյալների՝ 30-ամյա տղամարդը «Սրոց» կոչվող տարածքում առանց որևէ իրավական հիմքի զբաղվել է փայտածուխի արտադրությամբ։

Ոստիկաններն այցելել են նշված վայր և հայտնաբերել երեք տարա՝ յուրաքանչյուրում մոտ 3 խմ փայտանյութով։ Բացի այդ, արտադրամասի տարածքում եղել է 5 խմ լրացուցիչ փայտանյութ և 150 պարկ արդեն պատրաստի փայտածուխ։

Տեղում գտնվող տղամարդը չի ներկայացրել որևէ փաստաթուղթ՝ հաստատելու համար, որ գործունեությունն իրականացվում է օրենքի սահմաններում։ Ոստիկաններն արձանագրել են իրավախախտումը, կազմել համապատասխան նյութեր և դրանք փոխանցել Բերդի քննչական բաժին։

Ներկայում պարզվում են դեպքի բոլոր հանգամանքները։