
Կառավարությունը 150 միլիոն դրամ է ուղղում տնտեսավարողներին աջակցության ծրագրերի իրականացմանը
Կառավարությունը հաստատել է որոշում, ըստ որի՝ տնտեսավարողներին կտրամադրվի պետական աջակցություն՝ վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորման և արտադրանքի իրացման խթանման ձևով։ Այս մասին հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից։
Նախատեսվում է երկու պիլոտային ծրագրերի իրականացում։ Ծրագիր 1-ի շրջանակում տնտեսավարողներին տրամադրվում է օժանդակություն ՀՀ տարածքում գործող ֆինանսական կազմակերպություններից ստացվող թիրախային ապրանքների վերամշակման համար ձեռքբերման նպատակով տրամադրվող նպատակային վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորման ձևով։
Ծրագիր 2-ի շրջանակում թիրախային ապրանքներ արտադրող և սեփական արտադրանքը իրացնող տնտեսավարողներին տրամադրվում է օժանդակություն ՀՀ-ում իրացման յուրաքանչյուր տոննայի համար 10 հազար դրամի չափով։ Ծրագիր 2-ի դեպքում հաշվարկվել է 10,000 տոննա սեփական արտադրության թիրախային ապրանքի իրացում։
Ծրագիր 1-ի դեպքում՝ ինն ամսվա համար հատկացվում է 25 մլն դրամ, տարեկան նախագծի շրջանակներում ՝ 50 մլն դրամ։ Ծրագիր 2-ի դեպքում ՝ կիսամյակի համար նախագծի շրջանակներում հատկացվում է 35 մլն դրամ, ինն ամսվա համար՝ 65 մլն դրամ, տարեկան՝ 100 մլն դրամ։
Ծրագրերը դիտարկվում են որպես պիլոտային և կարող են վերանայվել՝ կախված արդյունքներից և բյուջեի բեռնվածությունից։