Հայաստանի արտաքին առևտրի ծավալը 2025-ի առաջին հինգ ամիսներին կրճատվել է գրեթե 50 տոկոսով
Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2025 թվականի հունվար-մայիս ամիսներին զգալի նվազում է գրանցել։ ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ այս տարվա առաջին հինգ ամիսներին արտաքին առևտրի ծավալը կազմել է 7 մլրդ 912․4 մլն դոլար, ինչը 49 տոկոսով պակաս է 2024-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշից։
Մայիս ամսին նույնպես նկատվել է անկում․ ապրիլի համեմատ արտաքին առևտրաշրջանառությունն անկում է ապրել 14․8 տոկոսով, իսկ 2024 թվականի մայիսի համեմատ՝ 28․8 տոկոսով՝ հասնելով 1 մլրդ 559․3 մլն դոլարի։
Արտահանման ցուցանիշը նվազել է հատկապես շեշտված կերպով։ Հունվար-մայիսին Հայաստանից արտահանվել է 3 մլրդ 21 մլն դոլարի արտադրանք, ինչը 57․4 տոկոսով քիչ է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Միայն մայիսին արտահանումը կազմել է 586․6 մլն դոլար՝ 19 տոկոսով պակաս ապրիլի ցուցանիշից և 39․3 տոկոսով՝ 2024 թվականի մայիսի ցուցանիշից։
Ներմուծման ծավալներն էլ նվազել են՝ հունվար-մայիսին կազմելով 4 մլրդ 891․2 մլն դոլար, ինչը 42 տոկոսով պակաս է նախորդ տարվա նույն ցուցանիշից։ Մայիսին ներմուծումը կրճատվել է 12 տոկոսով՝ կազմելով 972․7 մլն դոլար։ 2024-ի մայիսի համեմատ՝ այս տարվա մայիսին ներմուծումը նվազել է 20․4 տոկոսով։
Հատկանշական է, որ դրամի փոխարժեքը մայիսին կազմել է 386.63 դրամ մեկ դոլարի դիմաց, մինչդեռ հունվար-մայիս ամիսների միջին փոխարժեքը եղել է 392.72 դրամ։
