ՀայաստանՏնտեսություն

20 րոպե՞, թե՞ մի քանի վայրկյան․ ինչ նորություն է պատրաստում ԵԱՏՄ-ն բեռնափոխադրումների ոլորտում

Եվրասիական տնտեսական միության երկրները նախատեսում են սկսել e-CMR համակարգի փորձնական կիրառումը 2026 թվականի առաջին կիսամյակում։ Նախապատրաստական աշխատանքները սկսվել են դեռ 2025-ի մարտին, և արդեն ստեղծվել է հատուկ աշխատանքային խումբ։ Խոսքը բեռնատարների համար նախատեսված թղթային բեռնագրերի թվային տարբերակի՝ e-CMR-ի մասին է։

Այս նոր համակարգը թույլ կտա ընկերություններին բեռի փաստաթղթերը լրացնել ոչ թե 20 րոպեում, այլ ընդամենը մի քանի վայրկյանում։ Եվ ամենակարևորը՝ գործընթացը կանցկացվի ամբողջությամբ թվային հարթակում։ e-CMR-ը բեռի ուղեկցող էլեկտրոնային փաստաթուղթ է։ Այն կարող է փոխարինել սովորական՝ թղթային բեռնագրին։ Նոր համակարգը հիմնված է թվային ստորագրությունների վրա։ Այն ույլ կտա ապահովել փաստաթղթի նույն իրավական ուժը, ինչ ունի դրա թղթային տարբերակը։

e-CMR-ն առաջին հերթին նախատեսված է բեռնափոխադրումների ընթացակարգերը պարզեցնելու համար՝
— Կրճատվում են սահմանային անցակետերում սպասման ժամանակները,
— Աճում է բիզնեսի համար թափանցիկությունը,
— Նվազում են ծախսերը։

Նշենք, որ Հայաստանը միացել է համակարգին 2024 թվականի նոյեմբերին։ Հայաստանը e-CMR-ին միացած 39-րդ երկիրն է համարվում։