
Շաքարավազի գները կտրուկ աճել են համաշխարհային շուկայում
Հուլիսի 11-ին շաքարավազի համաշխարհային գները կտրուկ աճել են։ Նյույորքյան բորսայում հոկտեմբերյան ֆյուչերսները (SBV25) բարձրացել են 2.67%-ով՝ հասնելով մեկշաբաթյա առավելագույնին, իսկ Լոնդոնում օգոստոսյան սպիտակ շաքարի ֆյուչերսները (SWQ25) աճել են 3.51%-ով՝ հասնելով վերջին մեկուկես ամսվա բարձրագույն ցուցանիշին։ Հայաստանում այս պահին շաքարավազի գինը տատանվում է 400-450 դրամի սահմաններում։
Ֆյուչերսները բարձրացել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարություններից և ռուսական նավթի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի սպասումներից հետո: Նավթի և շաքարի գները փոխկապակցված են, քանի որ նավթի բարձր գնի դեպքում շաքարեղեգի վերամշակումն ավելի շատ իրականացվում է կենսավառելիք ստանալու համար (համապատասխանաբար կրճատվում է շաքարի արտադրությունը)։ Բացի այդ՝ Պակիստանն ու Ֆիլիպինները հայտարարել են համապատասխանաբար 500,000 և 424,000 տոննա շաքարավազի ներմուծման մասին, ինչը վկայում է տեղական պաշարների անբավարարության մասին։
Սակայն գնաճը կարող է ժամանակավոր լինել։ Շաքարեղեգ արտադրող հիմնական երկրներում՝ Բրազիլիայում, Հնդկաստանում և Թաիլանդում, բերքը այս տարի կարող է ավելի լավ լինել, քանի որ մուսոնային անձրևները առատ են եղել։