ՀայաստանՏնտեսություն

Հեղուկ գազը թանկացել է․ պատճառը կրկին Վրաստանն է

Կոնյակ արտահանողներից հետո այժմ էլ Ռուսաստանից Հայաստան հեղուկ գազ տեղափոխող բեռնատարներն են օրերով սպասում Վրաստանի մաքսային անցակետերում։ Հեղուկ գազ տեղափոխող ավելի քան 100 ցիստեռն արդեն մի քանի օր է՝ կանգնած է Վրաստանի տարածքում։ Գազատարները սովորականի նման չեն մտնում Լարսի անցակետ, այլ անհայտ պատճառներով տեղափոխվում են ԳԵԶի մաքսային տերմինալ, ինչը էականորեն դանդաղեցնում է գազի մատակարարումը Հայաստան։ Գազի՝ պայթյունավտանգ լինելու պատճառով այն միշտ առաջնային ճանապարհով է հասել Հայաստան։ Այժմ վարորդները արձանագրում են, որ գազի ճնշումը բարձրանում է՝ առաջացնելով պայթյունի վտանգ։

Տրանսպորտային ձգձգումների պատճառով վերջին մեկ շաբաթվա ընթացքում հեղուկ գազի գինը Հայաստանում կտրուկ աճել է՝ մեկ լիտրի դիմաց 110-120 դրամից հասնելով 150–160 դրամի։ Չնայած ներկրման գինը չի փոխվել, ապրանքի հասանելիության ժամանակավոր խախտումը և ներքին շուկայում առաջացած անորոշությունը հանգեցրել են գների աճի։

Հերթերի և ձգձգումների խնդիրը լուծելու նպատակով գազատարների վարորդները դիմել են նաև Վրաստանում Հայաստանի դեսպանատուն։ Վարորդների փոխանցմամբ՝ դեսպանատնից հայտնել են, որ տեղյակ են խնդրին, սակայն հստակ պատասխան չկա, թե երբ այն կլուծվի։

Վրացական կողմում մուտքային խստացված ստուգումները վերջին շրջանում նաև խնդիրներ էին ստեղծել հայկական կոնյակի արտահանման համար։ Թեպետ որոշակի տեղաշարժ արձանագրվել է, սակայն կոնյակագործների բեռնատարների ստուգումները դեռ ամբողջությամբ չեն դադարել։

Թե ինչի է ձգտում վրացական կողմը, դժվար է ասել։ Սակայն փաստը մնում է փաստ, որ հայ տնտեսվարողները իրենց ապրանքը Վրաստանի տարածքով արտահանելիս սկսել են բախվել մի շարք խնդիրների։