
Հայաստանից դեպի Աբու Դաբի թռիչքը կդժվարանա․ Wizz Air-ը սեպտեմբերի 1-ից չեղարկում է բոլոր թռիչքները
Wizz Air ավիաընկերությունը սեպտեմբերի 1-ից չեղարկում է բոլոր թռիչքները Աբու Դաբիի ուղղությամբ։ Ընկերության տարածած հաղորդագրության համաձայն՝ որոշումն ընդունվել է ռազմավարական վերանայման արդյունքում։ Գլխավոր պատճառներից մեկը՝ Մերձավոր Արևելքում շարունակվող անկայուն իրավիճակն է, որը, ըստ ընկերության, նվազեցնում է շահույթ ստանալու հնարավորությունները։
Մյուս պատճառը տեխնիկական բնույթի է․ Wizz Air-ի ղեկավարության մեկնաբանությամբ՝ Աբու Դաբիի կլիմայական պայմանները՝ շոգն ու փոշին, նպաստում են ինքնաթիռների շարժիչների արագ մաշվելուն։ Այն երկարաժամկետ հեռանկարում ոչ միայն բարձրացնում է ծախսերը, այլ նաև վտանգում է ընկերության գործողությունների արդյունավետությունը տարածաշրջանում։
Աբու Դաբիի ուղղության փակումը հարված կլինի նաև Հայաստանի և տարածաշրջանի այն ուղևորների համար, ովքեր օգտվում էին այս մատչելի երթուղուց՝ ուղևորվելով դեպի Պարսից ծոցի երկրներ։ Նշենք, որ Wizz Air-ն իր գործունեության տարիներին մի քանի անգամ ընդլայնել ու կրճատել է չվերթների ցանցը՝ կախված աշխարհաքաղաքական զարգացումներից, պահանջարկից և տնտեսական իրատեսություններից։
Թռիչքների չեղարկման մասին բոլոր ուղևորներին կտեղեկացնեն առանձին կարգով՝ նախապես գնված տոմսերի հետ կապված հարցերը լուծելու համար։