
Օգոստոսի 1-ից խանութներում գները այլ ձևով կնշվեն
Օգոստոսի 1-ից Հայաստանյան բոլոր խանութները պարտավոր են վերանայել իրենց ապրանքների գնանշումները։ Այլ կերպ ասած՝ եթե մինչև հիմա շաքարավազի փաթեթի վրա պարզապես գրված էր՝ «500 գ — 300 դրամ», ապա այդ օրից սկսած գնապիտակը պիտի նաև ասի՝ «1 կգ՝ 600 դրամ»։
Նպատակն ուղղակի ու միանշանակ է՝ գները դարձնել համադրելի ու թափանցիկ, որպեսզի գնորդը չխճճվի ու կարողանա տարբեր խանութներում կամ ապրանքատեսակների միջև հեշտությամբ հասկանալ՝ որն է իրականում ավելի մատչելի։
Ի՞նչ է փոխվում. եթե ապրանքը կշռով կամ ծավալով է վաճառվում՝ պարտադիր է նշել 1 կգ-ի կամ 1 լիտրի համարժեք գինը։ Սա վերաբերում է ամեն ինչին՝ լիմոնադից մինչև սուրճ, կարագից մինչև յոգուրտ։ Բացառություն կկազմեն միայն հուշանվերային մինչև 50 գ փաթեթներով ալկոհոլը, օծանելիքը և հավաքածուները, որտեղ ամենաթանկ ապրանքը կազմում է ընդհանուրի ոչ ավելի քան 90%-ը։
Այսպիսով, օրինակ՝ եթե մի կիսալիտրանոց ըմպելիք արժե 300 դրամ, իսկ լիտրանոցը՝ 500, գնորդը պետք է տեսնի, որ առաջինը փաստացի ավելի թանկ է՝ 600 դրամ/լիտր, և կարողանա համեմատություն անել։
Ի՞նչ կլինի, եթե խանութը չհասցնի կամ չկատարի։ Առաջին անգամ՝ նախազգուշացում, երկրորդ անգամ՝ 50,000 դրամ տուգանք, երրորդից սկսած՝ 250,000 դրամ, եթե խանութում առկա լինեն գոնե 5 սխալ գնապիտակ։