ՀայաստանՏնտեսություն

«Հայկական կոնյակը» վտանգի՞ տակ է․ ի՞նչ է կատարվում ռուսական շուկայում

Հայկական կոնյակը երկար տարիներ եղել է ոչ միայն ապրանքանիշ, այլ ամբողջ երկրի պատվի մի մասը։ Բայց այսօր այդ համբավը սկսում է ճաքեր տալ, հատկապես՝ Ռուսաստանի շուկայում։ Այստեղ վաճառվող հայկական կոնյակի 85 տոկոսը չի համապատասխանում ոչ ռուսական պետական ստանդարտներին, ոչ էլ՝ որակի նվազագույն պահանջներին։

Այս մտահոգիչ տվյալները ներկայացրել են ռուսական «Սոյուզկոնյակ» միությունն ու «Անտիկոնտրաֆակտ» միջազգային ասոցիացիան՝ հիմնվելով իրենց անցկացրած հետազոտությունների վրա։

Ռուսաստան արտահանվող հայկական կոնյակի մի զգալի մասում օգտագործվում է ոչ խաղողի սպիրտ, ինչը արդեն իսկ հակասում է կոնյակի սահմանմանը։ Շատ նմուշներում հայտնաբերվել են արհեստական բուրավետիչներ, որոնք միտումնավոր ավելացվում են՝ որակի տպավորություն ստեղծելու համար։

2024 թվականի օգոստոսին հայկական անորակ կոնյակի մասնաբաժինը ռուսական շուկայում կազմել էր 90%։ Հետագայում այն նվազեց մինչև 80%, բայց հիմա նորից աճել է՝ հասնելով 85%-ի։ Այսինքն՝ խնդիրը համակարգային բնույթ է կրում։

«Անտիկոնտրաֆակտ» ասոցիացիայի նախագահ Վլադիսլավ Ռեզնիկը հայտնել է, որ հանդիպել է Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարարի հետ։ Հայկական կողմը ներկայացրել է որոշ լուծումներ, սակայն դրանք դեռ չեն տվել տեսանելի արդյունք։ Մատակարարումների ծավալն աճում է, իսկ դրանց որակը՝ ոչ։

Ուսումնասիրության արդյունքները արդեն ուղարկվել են Ռուսաստանի մի շարք պետական մարմիններին, այդ թվում՝ գլխավոր դատախազություն, մաքսային և ալկոհոլային վերահսկողության մարմիններ, ինչպես նաև՝ Հայաստանի և Վրաստանի համապատասխան նախարարություններին։

Հայկական կոնյակի արտադրությունը 2025-ի առաջին եռամսյակում կրճատվել է գրեթե 40%-ով։ Եթե որակի խնդիրը խորանա, մենք կարող ենք կորցնել մեր ամենաճանաչված արտահանելի ապրանքանիշերից մեկը՝ ոչ միայն ռուսական, այլ նաև այլ շուկաներում։

Սեպտեմբերից Հայաստանում գործարկվելու է իզոտոպային լաբորատորիա, որը կօգնի բացահայտել՝ արդյո՞ք կոնյակը իսկապես պատրաստված է խաղողի սպիրտից։