ՀայաստանՏնտեսություն

1300-ից ավելի հայկական բեռնատար Վերին Լարսում խցանման մեջ է

Վրաց-ռուսական սահմանին՝ «Վերին Լարսի» անցակետի տարածքում, օրերով կանգնած են ավելի քան 1300 հայկական բեռնատարներ։ Մեքենաների երկար հերթերն աճում են գրեթե ամեն ժամ, իսկ բեռնափոխադրողներն այս օրերին կանգնած են ճանապարհին։

Ընդհանուր հերթագրված մեքենաների թիվը գերազանցում է 3600-ը, որոնցից 1350-ը հայկական պետհամարանիշերով բեռնատարներ են։ Հերթի առաջ շարժվելը չափազանց դանդաղ է․ բեռնատարների վարորդները սոցիալական ցանցերում գրում են, որ երբեմն նույնիսկ 4-8 ժամում ընդամենը մի քանի մետր են առաջ գնում։

Խցանումների հիմնական պատճառը զբոսաշրջիկների մեծ հոսքն է՝ Ռուսաստանից դեպի Վրաստան և Հայաստան։ Լարսը Հայաստանի և Ռուսաստանի միջև ցամաքային միակ գործող կապն է։ Ամռանն այդ ճանապարհը կտրում են ոչ միայն բեռնատարները, այլև՝ հազարավոր զբոսաշրջիկներ։

Հիշեցնենք՝ Լարսը տարիներ շարունակ դարձել է Հայաստանի արտաքին առևտրի խոշորագույն ուղիներից մեկը, և ամեն անգամ նման խցանումներն ուղղակի հարված են տեղական տնտեսությանը։