
Հայաստանում զեղծարարությունների ռիսկերի կառավարման համակարգ է ներդրվելու
Վարկային խարդախությունների վերջին ալիքը հանրային մեծ աղմուկ բարձրացրեց։ Տասնյակ քաղաքացիներ հայտնվեցին բանկերին վարկային պարտքեր ունեցողի կարգավիճակում՝ առանց երբևէ այդ վարկերը վերցրած լինելու։ Խարդախները ձևակերպել էին կեղծ վարկեր քաղաքացիների անունով՝ հաճախ՝ առանց նրանց գիտության։ Բողոքի ակցիաներ, դատարաններ, քննչական մարմիններ, աճուրդի հանված գույք․ սա է պատկերը այսօր։
Կենտրոնական բանկը պատրաստվում է հակազդել այս վտանգավոր երևույթին։ ԿԲ նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը հայտարարեց, որ ներդրվելու է նոր համակարգ, որը միտված է զեղծարարությունների կանխարգելմանը և քաղաքացիների պաշտպանությանը։
ԿԲ-ում քննարկվում է այնպիսի համակարգի ներդրում, ըստ որի՝ որոշ դեպքերում խարդախության հետևանքով ձևակերպված փոքր չափերի վարկերի դիմաց քաղաքացին պատասխանատվություն չի կրի։ Այդ դեպքերում կգործի ապահովագրության մեխանիզմը, որը կփոխհատուցի վնասները։
Սակայն ԿԲ-ն զգուշավոր է մոտենում այս հարցին․ եթե ապահովագրական համակարգը կիրառվի շատ լայն շրջանակում, ապա մարդիկ կարող են կորցնել զգոնությունը՝ հեշտացնելով խարդախների գործը։ Այստեղ, ըստ Նուրբեկյանի, պետք է գտնել ճիշտ հավասարակշռություն․ մի կողմից՝ պաշտպանել քաղաքացիներին, մյուս կողմից՝ չստեղծել սխալ վստահության մթնոլորտ։
ԿԲ-ն նշում է նաև, որ խարդախությունները հաճախ սկսվում են սոցիալական հարթակներում տեսած գովազդներից։ Մարդիկ անցնում են կասկածելի հղումներով, տրամադրում իրենց տվյալները՝ չգիտակցելով հետևանքները։ Այս առումով ԿԲ-ն նույնիսկ միջազգային տեխնոլոգիական հարթակներին նամակ է ուղարկել՝ խնդրելով ստանձնել պատասխանատվություն նման գովազդների տարածման համար։
Այս պահին ԿԲ-ն շարունակում է քննարկումները ապահովագրական ընկերությունների հետ, որպեսզի հասկանան՝ ինչ գործիքակազմ է հնարավոր ներդնել Հայաստանում։
Նշենք, որ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի հայտարարության համաձայն՝ մինչ քրեական գործերով դատավարության ավարտը բոլոր վարկային պարտավորությունները կսառեցվեն։ Սա նշանակում է, որ խարդախության զոհ դարձած քաղաքացիներին ժամանակավորապես չեն պարտավորեցնի վճարել այդ վարկերը կամ տույժեր։
Չնայած այդ ամենին՝ խարդախության զոհ դարձած քաղաքացիների դժգոհությունները չեն դադարում։ Նրանք պնդում են, որ քննչական գործողությունները դանդաղ են ընթանում, իսկ բանկերը շատ դեպքերում շարունակում են պահանջել գումարները, նույնիսկ սկսելով գույքի բռնագանձման գործընթաց։