ՀայաստանՏնտեսություն

Հայաստանում կենսաթոշակը չի բավարարում անգամ պարենային նվազագույնին

2025 թվականի առաջին կեսին Հայաստանում միջին կենսաթոշակը կազմել է 49 032 դրամ՝ մոտ 127 դոլար։ Սա գրեթե չի փոխվել անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ․ 2024-ին այն 49 171 դրամ էր։ Անկումը կապված է այն բանի հետ, որ արտոնյալ պայմաններով թոշակ ստացողների թիվը նվազել է։

Այս պահին Հայաստանում գրանցված է մոտ 500․3 հազար կենսաթոշակառու։ Նրանցից շուրջ 384․8 հազարը ստանում է աշխատանքային թոշակ, 101․8 հազարը՝ հաշմանդամության, իսկ մոտ 15 հազարը՝ այլ տեսակի (կերակրողին կորցնելու, երկարամյա ծառայության և այլն)։

Կենսաթոշակառուների մեջ 112 հազար մարդ աշխատում է։ Նրանց թիվը մեկ տարում ավելացել է մոտ 8 հազարով։ Աշխատող թոշակառուների միջին թոշակը կազմում է 53 531 դրամ՝ մոտ 139 դոլար։

Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ նվազագույն պարենային զամբյուղը 2025 թվականի երկրորդ եռամսյակում կազմել է 44 152 դրամ (115 դոլար), իսկ նվազագույն սպառողական զամբյուղը՝ 81 681 դրամ (210 դոլար)։ Այս երկու ցուցանիշներն էլ մեկ տարում աճել են մոտ 6%-ով։

Ստացվում է, որ միջին թոշակը մի փոքր գերազանցում է նվազագույն պարենային զամբյուղը, բայց զգալիորեն զիջում է նվազագույն սպառողականին։ Նվազագույն թոշակը՝ 36 հազար դրամ (94 դոլար), չի հասնում անգամ պարենային նվազագույնին։ Այն սահմանվել է երկու տարի առաջ և այդ ժամանակ մոտ էր պարենային զամբյուղի արժեքին, սակայն դրանից հետո չի բարձրացվել։

Հաշվարկներում չեն ներառվել նաև անկանխիկ գնումներից թոշակային քարտերին վերադարձվող գումարները, որոնք կազմում են թոշակի 12%-ը, բայց ոչ ավելի, քան 6 հազար դրամ։ Սակայն այս գումարը չի տրամադրվում կոմունալ ծառայությունների համար կատարված վճարումների դեպքում։