
Ամուսլարում սկսել են շինարարական աշխատանքները․ տարեվերջին նախատեսվում է մեկնարկը
«Լիդիան Արմենիան» հայտարարում է, որ արդեն մեկնարկել են ակտիվ շինարարական աշխատանքները։ Ընկերության փոխանցմամբ՝ այս պահին ներգրավված է 10 կապալառու։ Դրանք աշխատում են հանքի տարբեր ենթակառուցվածքների ավարտին հասցնելու համար։
Ընկերությունը վստահեցնում է, որ շինարարությունն ու հետագա շահագործումը կանցկացվեն բնապահպանական և աշխատանքի անվտանգության միջազգային բարձր չափանիշներին համապատասխան։ «Լիդիանի» հաշվարկներով՝ հանքը գործարկվելուց հետո Հայաստանի տնտեսությունը կստանա զգալի ֆինանսական հոսքեր՝ տարեկան մոտ 100–120 միլիոն դոլար հարկեր և այլն։
Ամուլսարը Հայաստանի երկրորդ ամենամեծ ոսկու հանքավայրն է։ Այն ղեկավարում է «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն, որը «Lydian International»-ի դուստրն է։ Հանքը երկար ժամանակ չէր շահագործվում․ 2019-ին ընկերությունը հայտնել էր, որ պարապուրդի յուրաքանչյուր օրն իրենց կործանարար է՝ մոտ կես միլիոն դոլարի կորուստ։
Ավելի վաղ Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը մամուլի ասուլիսում հայտնել էր, որ «Ամուլսարի» հանքի շահագործման ծրագիրը ֆինանսավորելու ուղղությամբ Հայաստանի կառավարությունը բանկերի հետ ակտիվ բանակցություններ է վարում պայմանների ու գումարի չափի վերաբերյալ։ Ազատյանը հավելեց, որ ծրագրի վարկավորման արժեքը 300 մլն դոլար է։
Նշենք, որ Հայաստանի կառավարությունը 150 մլն դոլարի վարկային երաշխիք է տրամադրում Ամուլսարի հանքի շահագործման համար։ Կառավարության որոշման հիմնավորման համաձայն՝ Հայաստանի բանկային համակարգից այս գումարն ընկերությունը պետք է ներգրավի 6 ամսվա ընթացքում, վարկի մարման ժամկետը 5 տարի է։ 150 միլիոն դոլարը «Լիդիան Արմենիա»-ին տրամադրելու են «Արդշինբանկ»-ը, «Ակբա բանկ»-ը, «Այդի բանկ»-ը, «Ինեկոբանկ»-ը և «Էվոկաբանկ»-ը։
Հանքի շահագործումով կստեղծվեն 750 ուղղակի և շուրջ 4000 անուղղակի աշխատատեղեր։ Ընկերությունը պարտավորվել է իրականացնել նաև սոցիալական ծրագրեր՝ աջակցելով հանքին հարակից երեք համայնքներին՝ Սյունիքի և Վայոց ձորի մարզերում։
Ընկերության բաժնետոմսերի 12,5%-ը արդեն փոխանցվել է Հայաստանի կառավարությանը։