
Իրանից գազի ներկրման հիմնական խոչընդոտը ենթակառուցվածքների թողունակությունն է
Իրանից Հայաստան ավելի մեծ ծավալներով գազ ներկրելու հիմնական խոչընդոտը առկա ենթակառուցվածքների սահմանափակ թողունակությունն է։ Լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանը և Իրանը շարունակում են «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագիրը՝ այնքան ծավալով, որքան թույլ է տալիս համակարգը։
Մենք չենք կարող Իրանից ստացված գազը ուղղակիորեն մատակարարել բաժանորդներին։ Իրանական գազի ներմուծման ծավալների ավելացման հիմնական խոչընդոտը գոյություն ունեցող ենթակառուցվածքների ցածր հզորությունն է, և մենք աշխատում ենք դրա զարգացման վրա։ Երբ մեր էներգահամակարգը հնարավորություն տա ավելի մեծ ծավալով էլեկտրաէներգիա արտահանել Իրան, կկարողանանք նաև ավելի մեծ ծավալով գազ ներկրել,– նշեց նախարարը։
Խուդաթյանը հիշեցրեց, որ Հայաստանի բաժանորդներին գազ մատակարարում է «Գազպրոմ Արմենիա»-ն, ուստի Իրանից ստացվող գազը անմիջապես նրանց հասցնել հնարավոր չէ։
Հիշեցնենք, որ «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագիրը գործում է 2009 թվականից։ 2023-ի օգոստոսին Հայաստանի և Իրանի միջև համաձայնագրի ժամկետը երկարացվեց մինչև 2030 թվականը՝ նախատեսելով ներմուծվող գազի և արտահանվող էլեկտրաէներգիայի ծավալների ավելացում։ «Գազ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի շրջանակներում իրանական «կապույտ վառելիքի» 1 խորանարդ մետրի համար Հայաստանը 3 կՎտ/ժ էլեկտրաէներգիա է տալիս։