
Երևանում կկառուցվի շոկոլադի և հրուշակեղենի նոր գործարան
Երևանում կառուցվելու է շոկոլադի և հրուշակեղենի արտադրության նոր գործարան, որը կստեղծի միջազգային մրցունակություն ունեցող արտադրանք։ «Վելլար գրուպ» ընկերությունը նախատեսում է ներդնել շուրջ 8 մլրդ դրամ՝ արտադրությունը զարգացնելու նպատակով։ Գործարանը կաշխատի եվրոպական ժամանակակից սարքավորումներով և կունենա լայն տեսականի՝ շոկոլադի կոնֆետներից մինչև սպիտակուցային բատոնչիկներ։ Արտադրության հիմնական շուկան Եվրոպան է, որտեղ նախատեսվում է մատակարարել արտադրանքը։ Ընկերությունը ծրագրում է նաև բացել մասնաճյուղ Պրահայում։
Կառավարությունը ընկերությանը տրամադրել է ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնություն՝ 20 մլն դոլար արժողությամբ ներդրումային ծրագրի շրջանակում։ Ներդրումները կուղղվեն գործարանի շինարարությանը, արտադրական միջոցների ձեռքբերմանը և ենթակառուցվածքների ստեղծմանը։
Ներկայումս գործարանում գործում է 110 աշխատատեղ՝ 598 հազար դրամ միջին աշխատավարձով։ Մինչև 2028 թվականը նախատեսվում է աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 900-ի։ Այս ծրագիրը միաժամանակ կնպաստի Հայաստանի շոկոլադագործության ոլորտի զարգացմանը և երկրի արտադրանքի ճանաչելիությանը միջազգային շուկայում։