ՀայաստանՏնտեսություն

Կարս-Նախիջևան երկաթուղու գործարկումը որքանո՞վ կօգնի Հայստանին

Օգոստոսի 22-ին Թուրքիայում կայացավ նոր երկաթուղային գծի հիմնարկեքի արարողությունը։ Խոսքը Կարս–Իգդիր–Դիլուջու ուղղության մասին է, որը սահմանակից է Նախիջևանին։ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն հայտարարեց, որ այս նախագծի նպատակն է մեծացնել Հարավային Կովկասում տնտեսական համագործակցությունը։ Նրա խոսքով՝ հատկապես «Զանգեզուրի միջանցքի» գործարկման դեպքում բեռնափոխադրումները կդառնան ավելի արագ և հասանելի՝ սկսած Պեկինից մինչև Լոնդոն։

Նախագծվող երկաթուղու երկարությունը 224 կիլոմետր է։ Թուրքիայի կառավարությունը դրա համար արդեն ապահովել է շուրջ 2,4 միլիարդ եվրո ֆինանսավորում։ Նախատեսվում է, որ գիծը կծառայի տարեկան ավելի քան 5,5 միլիոն ուղևորի և մոտ 15 միլիոն տոննա բեռի տեղափոխման համար։

Շինարարության շրջանակում նախատեսված է կառուցել հինգ թունել, տասը կամուրջ և մի շարք այլ ենթակառուցվածքներ։

Թուրքիայի պաշտոնյաները այս երկաթուղին մշտապես կապում են «Զանգեզուրի միջանցքի» գաղափարի հետ։ Սա նշանակում է, որ նախագիծը օգտագործվում է նաև Հայաստանի նկատմամբ քաղաքական ճնշման համար։ Հայաստանի ընկերությունների համար, սակայն, դա կարող է բացել նոր շուկաներ և արտահանման ուղիներ, հատկապես եթե տարածաշրջանում ձևավորվի միասնական երկաթուղային ցանց։

Աշխարհում երկաթուղային տարանցման միջին սակագինը տատանվում է 10–20 դոլար մեկ տոննայի համար (կախված տարածքից, ենթակառուցվածքից ու պայմանավորվածություններից)։ Եթե ընդունենք, որ Հայաստանի տարածքով կանցնի անգամ ընդհանուր ծավալի կեսը՝ ասենք 7 մլն տոննա, ապա տարանցիկ վճարները կարող են կազմել նվազագույնը՝ 70 մլն դոլար (յուրաքանչյուր տոննայի համար 10 դոլար), առավելագույնը՝ 140 մլն դոլար (յուրաքանչյուր տոննայի համար 20 դոլար)։

    Սա միայն բեռների տարանցման գումարն է, առանց ուղևորափոխադրության եկամուտների։ Եթե նույնիսկ յուրաքանչյուր ուղևորի տրանսպորտային վճարից Հայաստանին հասնի միջինում 3–5 դոլար, ապա տարեկան եկամուտը կարող է լինել ևս 15–25 մլն դոլար։ Եթե Հայաստանը միանա և դառնա տարանցիկ երկիր, ապա կարող է տարեկան աշխատել 85–165 մլն դոլար՝ կախված ծավալներից ու սակագնից։