ՀայաստանՏնտեսություն

Գևորգ Պապոյանը հերքում է ընդդիմադիր պատգամավորի ահազանգը․ ի՞նչ է կատարվում Վերին Լարսում

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հերքել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի այն ահազանգը, ըստ որի՝ Վերին Լարսի անցակետից հարյուրավոր բեռնատարներ վերադառնում են Հայաստան։

Օգոստոսի 23-ին Դանիելյանը սոցցանցում հրապարակել էր տեսանյութ՝ նշելով, որ մեքենաները բեռնված են գյուղմթերքով՝ սալորով, դեղձով ու խաղողով, սակայն վարորդներին չի տրամադրվում հստակ պատճառաբանություն՝ խոսելով բուսասանիտարական ստուգումների հետ կապված խնդիրների մասին։ Նա նաև նշել էր, որ շատ բեռնատարներ անորոշ վիճակում սպասում են անցակետում։

Արդյունքում՝ Պապոյանը հաղորդել է, որ «Օգոստոս ամսվա ընթացքում Ռուսաստանին է տեղափոխվել Հայաստանի մրգերով և բանջարեղենով բեռնված 762 բեռնատար, իսկ Վրաստանից հետ է վերադարձվել ընդամենը 4»։ Վերին Լարսի անցակետում ավելի քան 5 կմ երկարությամբ հսկայական խցանում է առաջացել։ Տելեգրամյան ալիքների փոխանցմամբ՝ վարորդները նշում են, որ անցակետում գործում է ընդամենը 2 պատուհան, բացի այդ խստացվել են անվտանգության միջոցառումները: Հատկանշական է , որ հերթերում միայն բեռնատարներ չեն այլ նաև մարդատար ավտոմեքենաներ։ 

Հիշեցնենք, որ այս տարվա մայիսին Վրաստանի մաքսային ծառայությունները ավելի քան մեկ ամիս կանգնեցրել էին հայկական կոնյակով բեռնված մեքենաները՝ ուղարկելով նմուշները լաբորատոր փորձաքննության, չնայած ապրանքը վաճառքի համար չէր նախատեսված Վրաստանում։ Հունիսի 23-ին Հայաստանի էկոնոմիկայի նախարարը հայտարարել էր, որ Վրաստանի գործընկերների հետ հաջողվել է պայմանավորվել հայկական կոնյակը արտահանելու փոխադարձ ընդունելի և կանխատեսելի պայմաններով։

Միևնույն ժամանակ, հունիսին խնդիրներ առաջացան նաև ծաղիկների և ծիրանի արտահանման հետ կապված։ Ռոսսելխոզնադզորը հայտնել էր, որ ծաղիկների 80 խմբաքանակներից 78-ում խախտումներ են հայտնաբերվել, իսկ ծիրանի բեռնատարները բախվել էին Լարսի անցակետի լոգիստիկ դժվարությունների հետ։