ՀայաստանՏնտեսություն

Ռուսաստանը հերքում է հայկական մթերքի ներմուծման խոշոր խնդիրները

Վերջին օրերին հայաստանյան հանրային դաշտում ակտիվորեն քննարկվում էր, թե Վերին Լարսի անցակետում հարյուրավոր հայկական բեռնատարներ հետ են ուղարկվել Ռուսաստան մուտք գործելու փորձի ժամանակ։ Ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանն անգամ հայտարարել էր, որ պատճառաբանությունը «սանիտարական խնդիրներն» են։

Սակայն թե Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, թե Ռուսաստանի բուսասանիտարական ծառայությունը (Ռոսսելխոզնադզոր) հերքում են այդ տեղեկությունը։

Ռուսական գերատեսչության տվյալներով՝ վերջին երեք օրում Հայաստանից Ռուսաստան է մուտք գործելու փորձ արել 146 բեռնատար։ Դրանցից մերժվել է 21-ը՝ բուսասանիտարական պահանջներին չհամապատասխանելու պատճառով։ Նախարար Պապոյանն էլ ավելի վաղ նշել էր, որ իրականում Վրաստանից հետ է վերադարձվել ընդամենը 4 բեռնատար, և խոսքը հարյուրավոր մեքենաների մասին չէ։

Հիշեցնենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ հայկական գյուղմթերքը խնդիրների է բախվում ռուսական շուկայում։ Այս տարվա մայիսին, օրինակ, Վրաստանի մաքսային ծառայությունները մեկ ամսից ավելի կանգնեցրել էին հայկական կոնյակով բեռնատարները՝ լաբորատոր փորձաքննության պատրվակով։ Հունիսին խնդիրներ եղան նաև ծաղիկների և ծիրանի արտահանման ժամանակ․ Ռոսսելխոզնադզորը հայտարարեց, որ հայկական ծաղիկների մեծ մասն ունենում է խախտումներ, իսկ ծիրանի տեղափոխողները բարդությունների էին հանդիպում Վերին Լարսում։

Պապոյանը օգոստոսի 21-ին հայտարարել էր, որ կոնյակի, ծաղիկների և այլ ապրանքների մատակարարման հարցերը լուծված են և Հայաստանը ռուսական շուկա շարունակում է արտահանում իրականացնել առանց խոշոր խնդիրների։