
Հայաստանը խորացնում է հարաբերությունները Իրաքի հետ
Հայաստանի և Իրաքի միջև տնտեսական համագործակցությունը վերջին տարիներին նկատելիորեն զարգանում է։ 2024 թվականին երկկողմ առևտրաշրջանառությունը կազմել է ավելի քան 246 միլիոն դոլար, ինչը 36 տոկոսով ավել է 2023 թվականի ցուցանիշից։ Միայն 2025 թվականի առաջին կիսամյակում առևտրաշրջանառությունը գերազանցել է 171 միլիոն դոլարը՝ գրեթե կրկնապատկվելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։
Երևանում անցկացված Հայաստան–Իրաք տնտեսական համագործակցության միջկառավարական համատեղ հանձնաժողովի 4-րդ նիստի ընթացքում Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նշեց, որ նման համատեղ միջոցառումները կարևոր են ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական կապերի ամրապնդման համար։ Նախարարի խոսքով՝ առևտրի ծավալները աճում են կայուն տեմպերով, սակայն դեռևս մեծ ներուժ կա, որը լիարժեք չի օգտագործվում։ Նիստի ընթացքում կողմերը ստորագրեցին չորս փաստաթուղթ՝ այդ թվում փոխըմբռնման հուշագրեր Հայաստանի և Իրաքի առևտրատնտեսական պալատների, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության ու Իրաքի առևտրաարդյունաբերական պալատի, ինչպես նաև Հայաստանի շինարարների ասոցիացիայի և Իրաքի կապալառուների ֆեդերացիայի միջև։
Պապոյանը նշեց, որ հայկական կողմը հետաքրքրված է Իրաքի վերակառուցման ծրագրերում մասնակցությամբ։ Հայաստանի ձեռնարկությունները պատրաստակամություն են հայտնել ներդրումներ կատարել շինարարության, ենթակառուցվածքների, առողջապահության և գյուղատնտեսության ոլորտներում։ Պապոյանը հավելեց, որ Հայաստանն ուշադրություն է դարձնում նաև թվային տնտեսության, նորարարական լուծումների, կրթության, մշակույթի և երիտասարդական ծրագրերի միջոցով հարաբերությունների խորացմանը։
Իրաքի գյուղատնտեսության նախարար Աբբաս Ջաբր ալ-Մալիքը վերահաստատեց Իրաքի պատրաստակամությունը խորացնել տնտեսական համագործակցությունը Հայաստանի հետ։ Նա ընդգծեց հայկական ընկերությունների ներգրավվածությունը Իրաքի ծրագրերում՝ հատկապես գյուղատնտեսության, առևտրի և ծառայությունների ոլորտներում, և առաջարկեց ստեղծել համատեղ կոմիտե՝ գործարարների մասնակցությամբ, որը կնպաստի երկկողմ բիզնես կապերի ընդլայնմանը։