ՀայաստանՏնտեսություն

Հայաստանի ու Չինաստանի միջև բացվում է ուղիղ ճանապարհ․ փոխադրումները կանոնակարգվում են

Հայաստանի և Չինաստանի միջև բեռների ու ուղևորների փոխադրումները շուտով կստանան հստակ կանոններ։ Մինչ այժմ ավտոմոբիլային տրանսպորտով փոխադրումների ոլորտում որևէ կարգավորում չկար, ինչն էլ հաճախ խոչընդոտում էր երկու երկրների համագործակցությանը։

Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի և Չինաստանի միջև հատուկ համաձայնագիր ստորագրելու առաջարկին։ Փաստաթուղթը նախատեսում է կարգավորել ինչպես բեռնափոխադրումները, այնպես էլ ուղևորափոխադրումները։

Ըստ նախագծի՝ այս քայլը ոչ միայն կհեշտացնի երկու երկրների միջև տնտեսական կապերը, այլև կնպաստի միջազգային տրանսպորտային հանգույցներում Հայաստանի զարգազումը։ Այլ կերպ ասած՝ Հայաստանը կարող է ավելի հեշտ ու արագ կապվել Ասիայի խոշոր շուկաներին։

Կառավարության հիմնավորման մեջ նշվում է, որ համաձայնագրի դրույթները լիովին համահունչ են միջազգային չափանիշներին և երկու երկրների օրենսդրությանը։

Եթե ամեն ինչ ընթանա ըստ պլանի, շուտով Հայաստանից Չինաստան ճանապարհը ոչ միայն կդառնա հասանելի, այլև ավելի կանխատեսելի ու արդյունավետ։