
Սեպտեմբերի 1-ից խստացվելու է Հայաստանից Ռուսաստան արտահանվող ծաղիկների վերահսկողությունը
Սեպտեմբերի 1-ից ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը խստագույն ստուգումներ է իրականացնելու արտահանվող ծաղիկների խմբաքանակների վրա։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի բուսասանիտարական վարչության պետ Արթուր Նիկոյանը։
Նիկոյանի խոսքով՝ Ռուսաստանը նախորդ ամիսներին հրապարակել էր տեղեկություններ այն մասին, որ Հայաստանից արտահանված 80 ծաղկի խմբաքանակներից 78-ում խախտումներ են հայտնաբերվել։ Խախտումների մեջ ընդգրկվել են կարանտինային օբյեկտների հայտնաբերման դեպքեր, հարկերից խուսափում և անբարեխիղճ գործունեություն՝ մասնավորապես մեկօրյա ընկերությունների միջոցով արտահանում իրականացնելով։
Նիկոյանը տեղեկացրեց, որ այս պահին 47 ջերմատուն ստուգվել է, որոնցից 26–ն ստացել է արտահանման թույլտվություն։ Ջերմոցների մեծ մասը՝ ավելի քան 700-ը, մասնավոր տնամերձ հատվածներում են։
Նա նաև զգուշացրեց, որ անբարեխիղճ գործունեությունը կարող է ազդել նաև պտուղ-բանջարեղենի արտահանման վրա, եթե տնտեսվարողները չսկսեն հետևել կանոններին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ 2025 թվականի առաջին յոթ ամիսներին Հայաստանը ԵԱՏՄ երկրներին արտահանել է մոտ 1 միլիարդ 788 միլիոն դոլարի ապրանք։ Միայն «ծաղկեփնջի ծաղիկներ, կոկոններ և դեկորատիվ կանաչ» խմբում աճը կազմել է գրեթե 89% կամ 17.2 միլիոն դոլար։