
10 կմ ճեմուղի Սևանում․ խոստացված նախագիծը տարիներ շարունակ չի իրականանում
Գեղարքունիքի մարզի Սևան համայնքում նախատեսվում է կառուցել նոր ճեմուղի։ Այն կկառուցվի «Հարսնաքար» հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի։ Հետաքրքիր է, որ դեռ 2018-ի սկզբին մշակած «Սևան» ազգային պարկի 2018-2023 միջոցառումների ծրագրում ընդգրկվել էր Լճաշեն-Սևան հատվածը ներառող ծովափնյա ճեմուղու կառուցումը։ Ճեմուղու երկայնքով նախատեսվում էր ստեղծել քոթեջներ, հյուրանոցներ, առևտրի, սպասարկման, սննդի օբյեկտներ, զբոսայգիներ, զուգահեռ նախատեսվում էր ունենալ հեծանվուղի։ Դրա կատարման ժամկետ էր նշվել 2019-2023 թվականները։ Պետբյուջեից տրամադրվել էր 43 մլն դրամ։ Սակայն, մինչ օրս աշխատանք չի կատարվել։
Ճեմուղու նախագծի պատվիրատուն քաղաքաշինության կոմիտեն է, իսկ նախագծի հեղինակը ճարտարապետ Ռազմիկ Բաբայանն է: Ըստ Բաբայանի՝ նախատեսվում է կառուցել 10 կմ երկարությամբ ծովափնյա հետիոտն ճեմուղի, որի ամբողջ հատվածը կազմելու է 520 հա: Այն ընդգրկելու է Լճաշեն եւ Սեւան համայնքներին հարող հատվածները: Ճեմուղու երկայնքով ստեղծվելու են քոթեջային, հյուրանոցային, պանսիոնատային կառուցապատման գոտիներ, ընդմիջելով դրանք առևտրի, սպասարկման, սննդի օբյեկտների, լանդշաֆտային պարկերի, զբոսայգիների, մանկական պարկերի, ակտիվ հանգստի և ժամանցի գոտիներով, ավտոկայանատեղիներ արեւային ծածկերով։
Ճեմուղու կառուցման հատվածշում շուրջ 500 տնտեսվարող կա։ Չնայած այս ամենին՝ նրանք դեմ են։ Դեռևս 2022 թվականից նրանք դժգոհություններ են արել, տապալել են հանրային քննարկումները։ Տնտեսվարողները կարծում են, որ սա խլելու գործընթաց է՝ ուրիշ ոչինչ՝ հավելելով, որ եթե խնդիրը կառուցապատելը լիներ՝ իրենց կառաջարկեին անել դա։
Նշենք նաև, որ Հայաստանի քաղաքաշինության նախարարի տեղակալ Արմեն Ղուլարյանը դեռևս 2019 թվականին հայտնել էր, որ «Սևան» ազգային պարկի Լճաշեն-Սևանի թերակղզի հատվածի գոտևորման նախագծի իրականացման աշխատանքները դեռ չեն իրականացվում, քանի որ նախորդ ներկայացված էսքիզային լուծումներում «լիարժեք հաշվի չէին առնված Սևան քաղաքի տեղադիրքը, ինչպես նաև անհրաժեշտ հետիոտն և տրանսպորտային կապերը»: