
«Փյուր լենդ»-ը դուրս է գալիս Մեղրիի ազատ տնտեսական գոտուց
Հայաստանի կառավարությունը որոշել է դադարեցնել «Փյուր լենդ» ընկերության գործունեությունը Մեղրիի ազատ տնտեսական գոտում։
Հիշեցնենք, որ դեռ 2021-ին ընկերությանը թույլատրվել էր գործել այս տարածքում․ այն պարտավորվել էր կառուցել սննդամթերքի փաթեթավորման գործարան և զարգացնել արտադրություն։ Կառավարության որոշմամբ, ընկերությունը ազատ տնտեսական գոտու ռեեստրում ընդգրկվել էր 10 տարով։
Սակայն պարզվել է, որ ընկերությունը իր խոստումները չի կատարել։ Չկան ո՛չ գործարան, ո՛չ ներդրումներ, ո՛չ էլ որևէ գործունեություն, որը կնպաստեր ազատ տնտեսական գոտու նպատակներին։ Բացի այդ՝ ընկերությունը չի ներկայացրել որևէ պարզաբանում կամ հաշվետվություն, թե ինչու չի իրականացրել ստանձնած պարտավորությունները։ Արդյունքում կառավարությունը ստիպված է եղել դադարեցնել «Փյուր լենդ»-ի անդամակցությունը։
«Փյուր լենդ»-ը հիմնադրվել է 2020 թվականի փետրվարի 11-ին: Ընկերության սեփականատերերի մասին տեղեկատվության անվճար հասանելիություն չկա։
Հիշեցնենք, որ Մեղրի ԱՏԳ-ն ստեղծվել է Սյունիքի մարզի Մեղրի համայնքում կառավարության՝ 2017 թվականի դեկտեմբերի 7-ի որոշմամբ: Ազատ տնտեսական գոտու կազմակերպիչ է ճանաչվել «Մեղրի ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ-ն։ Ազատ տնտեսական գոտին գործարկվել է 2017 թվականի դեկտեմբերի 15-ին։ 2021-ին ենթարդվում էր, որ տարածքում կգործեն 100-120 ընկերություններ։ Դրանց հասույթը 10 տարում կկազմի 52 մլն դոլար: Արտադրված արտադրանքը նախատեսվում էր արտահանել Իրան, ԵԱՏՄ, Մերձավոր Արեւելքի երկրներ, Թուրքմենստան և այլն: Մեղրիում ազատ տնտեսական գոտու կառուցման ընդհանուր արժեքը գնահատվել էր 32 մլն դոլար, որից 28 մլն դոլարը կապիտալ ծախսերն էին։ Բոլոր ընկերությունների ընդհանուր ներդրումները 10 տարում նախատեսվում էր հասցնել 350-400 մլն դոլարի: ԱՏԳ-ի գործունեությունն արդեն օրենսդրորեն ամրագրված է ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքում: