ՀայաստանՏնտեսություն

Կոնյակից դեպի brandy․ հայկական արտադրանքի նոր ճանապարհը

Ծաղկաձորում կայացած սեմինարում նորից քննարկվել է հայկական կոնյակի ապագան։ Խոսքը ոչ միայն որակի վերահսկողության մասին է, այլև այն մասին, թե ինչպես պետք է հայկական արտադրանքը ներկայացվի աշխարհին։ Քննարկումների կենտրոնում եղել է «Հայկական կոնյակ» աշխարհագրական նշումով ապրանք գրանցելու գաղափարը։ Սա նշանակում է՝ եթե նախագիծը կյանքի կոչվի, հայկական կոնյակը շուկայում կունենա հատուկ կարգավիճակ։ Այն կապահովի արտադրանքի որակը և թույլ կտա այն ավելի մրցունակ դարձնել արտերկրում։

Սեմինարի ընթացքում ներկայացվել են կոնյակի արտադրողների ասոցիացիայի առաքելությունը, տեխնիկական չափանիշների նախագծերը, միասնական լոգոյի ու մարքեթինգային ռազմավարության տարբերակները։ Փոխնախարարներ Արման Խոջոյանն ու Անուշիկ Ավետյանը ընդգծել են, որ նախաձեռնությունը կարևոր է ոչ միայն գյուղատնտեսության, այլև ընդհանրապես Հայաստանի տնտեսության համար․ այն կօգնի նոր շուկաներ գրավել և ամրապնդել միջազգային վստահությունը հայկական արտադրանքի նկատմամբ։

Բացի դրանից, քննարկվել է, որ առաջին հերթին անհրաժեշտ է ուժեղացնել որակի վերահսկողությունը։ Պետությունն ու արտադրողները պետք է միասին ապահովեն, որ «Հայկական կոնյակ» պիտակով շուկայում հայտնվող ցանկացած շիշ լինի նույն բարձր մակարդակի։

Հիշեցնենք, որ Հայաստանը արդեն հայտարարել է «կոնյակ» անվանումից աստիճանաբար հրաժարվելու մասին։ Սա պայմանավորված է ԵՄ-ի հետ ստորագրված համաձայնագրով․ ըստ եվրոպական կանոնների՝ «կոնյակ» և «շամպայն» անվանումները կարող են օգտագործել միայն Ֆրանսիայի համանուն շրջաններում արտադրված խմիչքները։

Այս ծրագրի համար ԵՄ-ն Հայաստանին հատկացրել է 2.9 միլիոն եվրո։ Նպատակն է՝ անցում կատարել «Armenian brаndy» անվանման և հայկական արտադրանքը միջազգային շուկայում ներկայացնել նոր բրենդավորմամբ։ Ավելացնենք, որ Հայաստանում կոնյակի արտադրությունը 2025 թվականի առաջին եռամսյակում կրճատվել է գրեթե 40 %-ով՝ հասնելով 3 մլն 249 հազար լիտրի։