ՀայաստանՏնտեսություն

Շինարարական ծրագրերը սահմանամերձ գյուղերում՝ լուծո՞ւմ, թե կարճաժամկետ ազդեցություն

Վերջին տարիներին Հայաստանի տարբեր մարզերում նկատվում է շինարարական աշխուժություն։ Պետական աջակցությամբ և մասնավոր միջոցներով կառուցվում են նոր տներ, բազմաբնակարան շենքեր ու տարբեր ենթակառուցվածքներ։ Թվերով առաջընթացն ակնհայտ է, սակայն բնակչության սոցիալական խնդիրները մնում են նույնը։ Շատ գյուղերում նորակառույց տների կողքին կարելի է տեսնել փակ դռներ ու դատարկ բակեր․ երիտասարդները հեռանում են գյուղից՝ ձգտելով քաղաքում ավելի բարձր վարձատրվող աշխատանք գտնել, հետո էլ՝ բնակություն հաստատել։

Տավուշը սահմանամերձ այն մարզերից է, որտեղ պետությունը տներ կառուցելու խոշոր աջակցություն է իրականացնում։ Այստեղ մի քանի գյուղերում միաժամանակ ընթանում են մեծածավալ շինարարական ծրագրեր։
Amnews.am-ը խոսել է տարբեր գյուղերի վարչական ղեկավարների հետ՝ հասկանալու համար՝ ի՞նչ խնդիրներ կան գյուղում, արդյոք նոր տների կառուցումը նպաստում է նրան, որ գյուղի բնակչությունը չլքի գյուղերը։
Նոյեմբերյան համայնքի Ոսկեվան գյուղի վարչական ղեկավար Սերգեյ Գրիգորյանի խոսքով՝ պետական աջակցությամբ կառուցվում է 15 տուն, ևս 2-3 տուն՝ մասնավոր ներդրումներով։ Բայց միայն այս տարի երեք ընտանիք արդեն հեռացել է գյուղից։ Գյուղապետը նշում է, որ հիմնականում հեռացողները երիտասարդներ են։

Բերդավանում ընթացքի մեջ է շուրջ 200 տան շինարարություն։ Համայնքի ղեկավար Արամ Զուրաբյանի խոսքով՝ գյուղից շատերը ժամանակավորապես հեռանում են, սակայն հետո որոշ մասը վերադառնում է։

Բաղանիսում պետական ծրագրով կառուցվում է 62 տուն։ Գյուղապետ Գևորգ Սահակյանի խոսքով՝ մինչ այդ ևս եղել են մասնավոր նախաձեռնություններ։ Բնակիչները տներ են կառուցում՝ հույսով, որ իրենց երեխաները և թոռները բնակվելու են այդտեղ, թեև իրենք էլ վստահ չեն այդ հարցում։ Երիտասարդներից շատերը իրենց ապագան քաղաքում են տեսնում։

Թվերը ցույց են տալիս, որ Նոյեմբերյան համայնքի մի շարք
գյուղերում շինարարությունը ակտիվ կերպով ընթանում է։ Բայց միևնույն ժամանակ բնակչության արտահոսքը շարունակվում է։ Առաջանում է հակասություն․ տները կառուցվում են, բայց գյուղերը շարունակում են դատարկվել։ Սա, իհարկե, օրինակն է մի շրջանի, սակայն հաշվի առնելով, որ բացի Տավուշից, սահմանամերձ այլ մարզերում ևս նման շինարարական գործընթացներ են ընթանում (Սյունիք, Գեղարքունիք) կարելի է ենթադրել, որ նման խնդիրներ այնտեղ ևս կան։
Զարգացման խնդիրներ գյուղերում, քաղաքի հետ կապի բացակայություն, ուսում և հեռանկարներ։ Այս բոլոր գործոնները հանգեցնում են գյուղերի դատարկմանը։

Amnews-ի դիտարկումների արդյունքում վեր են հանվել որոշ տնտեսագների կարծիքներ, որոնց ընդհանուր միտքը հետևյալն է։
Տնտեսագետների գնահատմամբ՝ շինարարական ակտիվությունը, նույնիսկ պետական և մասնավոր ծրագրերով, միայն ժամանակավոր ազդեցություն է ունենում. այն ստեղծում է կարճաժամկետ աշխատատեղեր և ակտիվացնում տեղական շուկան, սակայն երկարաժամկետում բնակչության պահպանումը կախված է սոցիալական, կրթական և տնտեսական զարգացման ամբողջական քաղաքականությունից։

Բացի այդ, գյուղերից մարդկանց հիմնական արտահոսքը պայմանավորված է աշխատանքի և ձեռնարկատիրության սահմանափակումներով, ցածր եկամուտով, ինչպես նաև ենթակառուցվածքի ու ծառայությունների բացակայությամբ։

Եթե խոսում ենք սահմանամերձ վայրերի մասին, այս խնդիրներին պետք է ավելացնել նաև անվտանգային խնդիրը։

Մեր խմբագրությունը շարունակելու է իրականացնել դիտարկումներ՝ հետևելով այլ մարզերում ընթացող աշխատանքներին։

Սեդա Մարտոյան