ՀայաստանՍոցիալական

Հայաստանը սկսում է ֆինանսական տվյալների փոխանակում 47 երկրի հետ

Հայաստանը 2024 թվականին կսկսի փոխանակվել ոչ ռեզիդենտների ֆինանսական հաշիվների մասին տեղեկություններով 47 երկրների հետ՝ կիրառելով Միասնական հաշվետվողական ստանդարտը (CRS): Այս համակարգի ներդրումը նպատակ ունի բարձրացնել հարկային թափանցիկությունը, ապահովել չվճարված հարկերի մուտքերը պետական բյուջե և նվազեցնել հարկային չարաշահումների ռիսկերը: Դիտարկելով այն երկրների ցանկը, որոնց հետ պետք է փոխանակում արվի, տեսանք, որ մի շարք երկրներ, որտեղ հայերը որոշակի գործունեություն են ծավալում, ցանկում ներառված չեն։ Այդ երկրների ցանկում են նաև Ամերիկան, հարևան Վրաստանը, Իրանը, Հնդկաստանը, Չինաստանը և այլն։

ՊԵԿ–ի միջազգային հարկման վարչության ֆինանսական հաշիվների փոխանակման և համապատասխանության բաժնի ավագ տեսուչ Լիա Ղուկասյանը պարզաբանեց, որ փոխանակվող տվյալներն ընդգրկում են ֆինանսական հաշիվների մնացորդը տարվա վերջում, եկամուտները՝ օրինակ՝ դիվիդենտներ ու տոկոսներ, ինչպես նաև հաշվետերերի նույնականացման տվյալները: Իրավաբանական անձանց հաշիվների դեպքում, եթե մնացորդը 250 հազար դոլարից քիչ է, տվյալները չեն փոխանակվում:

Առաջին փուլով Հայաստանը տեղեկատվություն կփոխանակի 47 երկրի հետ: Փոխանակումը կատարվում է փոխադարձության սկզբունքով, այսինքն՝ այդ երկրները նույնպես Հայաստանին կհաղորդեն իրենց քաղաքացիների ֆինանսական տվյալները: ՊԵԿ–ի տեղեկացմամբ, գործընկեր երկրների ցանկը հրապարակված է պաշտոնական կայքում և հետագայում կհամալրվի՝ նոր երկրների միացումից հետո:

Աննա Թորոսյանը՝ ՊԵԿ միջազգային հարկման վարչության ֆինանսական հաշիվների փոխանակման և համապատասխանության բաժնի պետը, նշեց, որ համակարգի ներդրումը կնպաստի հարկային արդարության բարձրացմանը, կօգնի հավաքագրել չվճարված հարկերը և կնվազեցնի հարկային չարաշահումների ռիսկերը: Տեղեկատվության փոխանակման գործընթացն արդեն ավարտական փուլում է. առևտրային բանկերը և ներդրումային ծառայություն մատուցող ընկերությունները տեղեկությունները հավաքագրել են, և շուտով դրանք կփոխանցվեն համապատասխան գործընկեր երկրներին:

ՊԵԿ–ի տվյալներով, համակարգի ներդրումը նաև հնարավորություն կտա ավելի հեշտ վերահսկել երկքաղաքացիություն ունեցող անձանց ֆինանսական գործունեությունը, քանի որ տվյալների փոխանցումը կատարվում է այն երկրի հարկային մարմնին, որտեղ անձը հարկային ռեզիդենտ է: Այսինքն՝ Հայաստանում գտնվող Ֆրանսիայի քաղաքացու վերաբերյալ տվյալները կփոխանցվեն Ֆրանսիային, Գերմանիայի քաղաքացու տվյալները՝ Գերմանիային և այլն:

Միասնական հաշվետվողական ստանդարտը կիրառվում է ավելի քան 120 երկրում, և Հայաստանը ևս միացել է այս նախաձեռնությանը 2023 թվականին՝ վավերացնելով Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) կողմից մշակված և ընդունված «Ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների ավտոմատ փոխանակման» բազմակողմ համաձայնագիրը: