ՀայաստանՏնտեսություն

Կշեռքներ, հաշվիչներ, փաթեթավորումներ․ ինչ նոր ստանդարտներ են սահմանվում շուկայում

Էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Հովակիմյանի խոսքով՝ նախաձեռնությունը միտված է սպառողների իրավունքների պաշտպանությանը, տնտեսության զարգացմանը և միջազգային ստանդարտներին համապատասխանությանը։ Կառավարության ներկայացրած նախագծով սահմանվում են մի քանի կարևոր պահանջներ։

Նախ, փաթեթավորված ապրանքը պետք է լիովին համապատասխանի պիտակի վրա նշված քանակին և ծավալին։ Բացի այդ, խանութներում և շուկաներում կիրառվող կշեռքները պետք է համապատասխանեն ԵՄ պահանջներին՝ ապահովելով ճշգրիտ և հավաստի կշռման տվյալներ։

Մեկ այլ փոփոխություն վերաբերում է չափիչ շշերին․ որոշ ապրանքների համար դրանք կդիտարկվեն որպես չափման անոթներ և կունենան հստակ չափորոշիչներ՝ երաշխավորելով ապրանքի ծավալի հաշվառման թափանցիկությունն ու միասնականությունը։

Նոր պահանջներ են դրվում նաև հաշվիչ սարքերի նկատմամբ։ Ջրի, գազի, էլեկտրաէներգիայի հաշվիչները, ինչպես նաև վառելիքի դիսպենսերները պետք է լինեն հուսալի, ճշգրիտ և պաշտպանված ցանկացած ծրագրային միջամտությունից, որպեսզի ցուցմունքները հնարավոր չլինի դիտավորությամբ կամ պատահականորեն խեղաթյուրել։

Սպառողների համար փոփոխությունները կերաշխավորեն, որ նրանք ստանան այն, ինչի համար վճարում են։ Կշեռքների և հաշվիչ սարքերի թափանցիկությունը կնվազեցնի խաբեության հնարավորությունները։ Արտադրողների և վաճառողների համար սկզբնական շրջանում սա որոշ ծախսեր կպահանջի՝ սարքավորումների արդիականացման և նոր ստանդարտներին համապատասխանելու համար։ Սակայն երկարաժամկետում այն կբարձրացնի վստահությունը հայկական ապրանքների նկատմամբ և կբացի նոր հնարավորություններ միջազգային շուկաներում։

Ընդհանուր առմամբ՝ նախաձեռնությունը ոչ միայն ուղղված է սպառողների շահերի պաշտպանությանը, այլև Հայաստանի տնտեսությունը մոտեցնում է եվրոպական ստանդարտներին։