
Հարկային համակարգի խափանումները վնասում են Հայաստանի ներդրումային միջավայրը․ գործարարները արձագանքում են
Հայաստանի Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) «Հաշվետվություններ ներկայացման էլեկտրոնային համակարգում»՝ e-Invoicing-ում, ամեն տարի կրկնվող տեխնիկական խնդիրները կարող են մեծ վնաս հասցնել երկրի տնտեսությանը։ Այս մասին նշել է «Մանթաշյանց» գործարարների միության նախագահ Վահրամ Միրաքյանը։
Նրա խոսքով՝ համարյա ամեն ամիս՝ հիմնականում 17-ից 22-ը ընկած ժամանակահատվածում համակարգը հաճախ դադարում է աշխատել կամ աշխատում է շատ դանդաղ՝ ժամերով, երբեմն՝ ամբողջ օրեր։ Այդ պատճառով ամբողջ հանրապետությունում համակարգի միջոցով իրականացվող գործարքները, փոխանցումները և հաշվետվությունները մնում են չկատարված։
Խափանումների հետևանքով դադարում են գործարքները, փոխանցումները և հաշվետվությունների ներկայացումները։ Գործարարները շեշտում են, որ սա զգալի վնաս է հասցնում տնտեսությանը, քանի որ գործարքների արագությունն անմիջականորեն ազդում է տրանսակցիոն ծախսերի նվազման, փողի շրջանառության արագության և ներդրումային միջավայրի վրա։
Տնտեսագետների հաշվարկներով՝ փողի շրջանառության արագության (velocity of money) նույնիսկ 10 տոկոս աճը կարող է ապահովել ՀՆԱ-ի 2–3 տոկոս հավելյալ աճ։ Իսկ Հայաստանում հաշվարկված վնասը, գործարարների դիտարկմամբ, հասնում է հարյուրավոր միլիոն դրամների։
Բիզնեսի ներկայացուցիչները նաև ընդգծում են անհավասար մոտեցումը․ եթե հարկատուն ուշացնում է հարկերը կամ սխալ է թույլ տալիս հաշվետվություններում, ՊԵԿ-ը անմիջապես տուգանում է։ Մինչդեռ համակարգի անաշխատունակության հետևանքով առաջացած ծախսերի և վնասների համար որևէ պատասխանատվություն չի կրում։
Երբ հարկատուն սխալ է անում, ՊԵԿ-ն անմիջապես խստագույնս պատժում է, բայց երբ ՊԵԿ-ի հաշվետվությունների համակարգը չի աշխատում ու գործատուն ստիպված է իր աշխատակիցներին արտաժամյա վճարել, որ գիշերը կամ շաբաթ-կիրակի գան աշխատեն, մեծ վնասներ է կրում գործարքների ուշացումից՝ ՊԵԿ-ը ոչ մի պատասխանատվություն չի կրում, — Amnews-ին հայտնեց Վահրամ Միրաքյանը
Վերջին շրջանում ՊԵԿ-ը սկսել է ներողություն խնդրել տեխնիկական խափանումների կապակցությամբ՝ տեղեկացնելով, որ «ԱյԴի» ՓԲԸ-ի և Հեռախոսազանգերի աջակցության կենտրոնի հետ աշխատում է խնդիրը լուծելու ուղղությամբ։ Սակայն գործարարները պնդում են՝ խնդիրը շարունակում է մնալ համակարգային և առաջացնում է տնտեսության համար չափելի կորուստներ։