ՀայաստանՏնտեսություն

Սպանդանոցային մորթը Հայաստանում դեռ խնդիրների առաջ է կանգնած

Կառավարությունը վերջին տարիներին քայլեր է ձեռնարկում Հայաստանում սպանդանոցային մորթի համակարգի զարգացման համար։ 2025 թվականի մայիսի 8-ին Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարեց, որ պետությունը յուրաքանչյուր խոշոր եղջերավորի համար, որը մորթվում է սպանդանոցային պայմաններում, կհատկացնի 10 հազար դրամ աջակցություն։ Եթե կենդանու մորթի արժեքը 8 հազար դրամ է, ամբողջ գումարը հոգում է պետությունը, իսկ եթե գերազանցում է 10 հազարը, ապա տարբերությունը վճարում է քաղաքացին։ Բրուցելոզով հիվանդ կենդանիների դեպքում աջակցությունը ավելի բարձր է՝ 15 հազար դրամ, քանի որ դրանց մորթն առանձնահատուկ պայմաններ է պահանջում։

Նախարարության տրամաբանությամբ՝ այս աջակցությունը պետք է խթանի գյուղացիներին և տնտեսվարողներին օգտվել սպանդանոցներից։ Բացի այդ, պետությունը նաև սուբսիդավորում է նոր սպանդանոցների կառուցումն ու շահագործումը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ շեշտել է, որ անհրաժեշտ է հետևողականություն, քանի որ նախկինում ընդունված որոշումները լիարժեք արդյունք չեն տվել։

Պաշտոնական տվյալներով՝ տարեկան Հայաստանում մորթվում է շուրջ 220 հազար խոշոր եղջերավոր, սակայն դրանցից միայն մոտ 10 տոկոսը՝ շուրջ 22 հազարը, սպանդանոցային պայմաններում։ Չնայած պետական աջակցությանը, այս համակարգը շարունակում է դժվարությունների առաջ կանգնել։

Ներկայումս սպանդանոց մուտք գործող կենդանիները ենթարկվում են կառավարության սահմանած բոլոր չափորոշիչներին համապատասխան ստուգումների, և մորթից հետո ենթամթերքները վերադարձվում են գյուղացուն։ Սակայն շատերը շարունակում են նախընտրել կենդանիներին մորթել իրենց բակում՝ խուսափելով լրացուցիչ ծախսերից ու գործընթացի բարդությունից։ Սա առաջացնում է սանիտարահիգիենիկ խնդիրներ, որոնք վտանգ են ներկայացնում թե՛ մարդու առողջության, թե՛ սննդի անվտանգության համար։

Բացի այդ,գյուղացիներից մի քանիսը amnews.am-ի հետ զրույցում նշեցին, որ կենդանիներին սպանդանոց տեղափոխելու ընթացքը նույնպես խնդիր է։ Կենդանիները ճանապարհի ընթացքում և մորթի ժամանակ ենթարկվում են սթրեսի, ինչը ազդում է մսի որակի վրա։ Շատ գյուղացիներ նաև մատնանշում են կենդանիների տեղափոխման համար նախատեսված մեքենաների պակասը, ինչը լրացուցիչ խոչընդոտ է սպանդանոցային մորթի զարգացման գործում։

Ըստ օրենքի՝ եթե կենդանին չի մորթվում սպանդանոցում, ապա կենդանու տերը ենթարկվում է վարչական պատասխանատվության։

Այսպիսով, թեև պետությունը շարունակում է ֆինանսական աջակցություն ցուցաբերել թե՛ սպանդանոցների կառուցմանը, թե՛ յուրաքանչյուր գլխաքանակի համար, այնուամենայնիվ համակարգում դեռ կան լուրջ խնդիրներ։ Հիմնական մարտահրավերները մնում են գյուղացիների ներգրավվածության ցածր մակարդակը, կենդանիների տեղափոխման համար ենթակառուցվածքների բացակայությունը և մորթի գործընթացի բարդությունները։

Նշենք նաև, որ տարեսկզբից մինչև այժմ ստուգումների  արդյունքում առգրավվել է 2 տոննա միս։

Սեդա Մարտոյան