
Վերին Լարսով անցնող բեռնափոխադրողները հոկտեմբերից պետք է նախապես ամրագրեն մուտքի օրը և ժամը
Հոկտեմբերի 1-ից Ռուսաստանից ելք գործող բոլոր բեռնափոխադրողները, այդ թվում՝ Հայաստանի ավտոմոբիլային ընկերությունները, Վերին Լարսի անցակետով անցնելու համար պարտադիր պետք է նախապես ամրագրեն մուտքի օրը և ժամը։ Այս գործընթացը կկատարվի հատուկ էլեկտրոնային համակարգի՝ ГИС ЭПД–ի միջոցով։
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ առանց նախնական ամրագրումի մուտք գործելը հնարավոր չի լինի, ուստի բեռնափոխադրողները պետք է ժամանակին գրանցվեն հարթակում։
Գրանցման ընթացակարգը հետևյալն է․
— համակարգում ստեղծվում է անձնական աշխատասենյակ,
— անհրաժեշտ է հաստատել էլեկտրոնային փոստն ու հեռախոսահամարը,
— տվյալների ստուգումից հետո համակարգը տալիս է հաստատում,
— վերջում բեռնափոխադրողը պետք է ստեղծի նաև տրանսպորտային միջոցի քարտ՝ կցելով մեքենայի փաստաթղթերի պատճենը։
ՌԴ գործընկերները նաև կոչ են անում օտարերկրյա և հայկական բեռնափոխադրողներին չհետաձգել գրանցումը, որպեսզի հոկտեմբերի 1-ից չառաջանան ավելորդ խնդիրներ կամ հերթեր Վերին Լարսի անցակետում։