Հայաստանը վերականգնում է դեգրադացված լանդշաֆտները
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը ընդունել է Համաշխարհային Բանկի և Շվեդիայի միջազգային զարգացման և համագործակցության գործակալության (SIDA) պատվիրակություններին։ Նրանք Հայաստան են ժամանել «Հայաստանի դիմակայուն լանդշաֆտներ» ծրագրի տեխնիկական աջակցության առաքելության շրջանակում։
Հանդիպման ժամանակ քննարկվել են ծրագրի ընթացքը, իրականացվող նախաձեռնությունները, ինչպես նաև առաջիկա քայլերը, որոնք ուղղված են բնական ռեսուրսների արդյունավետ կառավարմանը, լանդշաֆտների դիմադրողականության բարձրացմանը և էկոհամակարգերի պահպանմանը։
«Հայաստանի դիմակայուն լանդշաֆտներ» ծրագիրը նպատակ ունի վերականգնել երկրի դեգրադացված լանդշաֆտները՝ մեծացնելով անտառածածկը և պաշտպանելով խոնավ տարածքները։ Ծրագրով նախատեսվում է ստեղծել 12 500 հեկտար անտառ և վերականգնել 1 200 հեկտար խոնավ տարածք, որը կբարելավի ջրային ռեսուրսների պահպանումը, կնվազեցնի բնական աղետների ռիսկը և կաջակցի կենսաբազմազանության պահպանությանը։ Նախաձեռնությունը նպաստելու է «կանաչ» աշխատատեղերի ստեղծմանը, համայնքային բիզնեսների զարգացմանը՝ նվազեցնելով ճնշումը բնական ռեսուրսների վրա։
