ՀայաստանՏնտեսություն

Արտահանումը խթանելու համար 98 միլիարդ դրամ է նախատեսվում․ արդյո՞ք հայկական ապրանքը մրցունակ կլինի արտերկրում

Հաջորդ հինգ տարիներին՝ մինչև 2030 թվականը, Հայաստանը պատրաստվում է լուրջ փոփոխությունների արտահանման ոլորտում։ Կառավարությունը հաստատել է նոր արտահանման խթանման ռազմավարություն։ Դրա շրջանակում մոտակա հինգ տարում նախատեսվում է ծախսել շուրջ 98 միլիարդ դրամ (ավելի քան 250 միլիոն դոլար)՝ տնտեսության շարժիչ ուժը դարձնելու տեղական արտահանումը։

Ռազմավարության գլխավոր նպատակը մեկն է՝ ապահովել Հայաստանի արտահանման կայուն ու տեխնոլոգիական զարգացումը, այսինքն՝ դուրս գալ հումքային տնտեսության շրջանակներից ու սկսել արտահանել բարձր որակի, մրցունակ և ավելացված արժեքով ապրանքներ ու ծառայություններ։

Ըստ Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի՝ այս ռազմավարությունը հիմնված է հինգ առանցքային ուղղությունների վրա՝ տեղական արտադրության զարգացում, բարձր տեխնոլոգիաների ներգրավում, արտահանման շուկաների դիվերսիֆիկացում, արտահանողների աջակցություն և միջազգային չափանիշներին համապատասխանեցում Ըստ նախարարի՝ ընդհանուր առմամբ մշակվել է 50-ից ավելի միջոցառում։

Ծրագրի արդյունքներն էլ բավական հստակ են․ արտահանման ծավալը մինչև 2030 թվականը նախատեսվում է մեծացնել մոտ 1.7 անգամ՝ հասցնելով 16.9 միլիարդ դոլարի, Այդ ցուցանիշի մեջ 10.3 միլիարդ դոլարը բաժին է ընկնելու ծառայություններին, իսկ 6.6 միլիարդը՝ ապրանքների արտահանմանը։

Այս ամենին զւոգահեռ պետք է հասկանալ, թե ինչ շուկաներ կարող է Հայաստանը մուտք գործել։ Հաշվի առնելով Հայաստանի աշխարհաքաղաքական վայրը՝ արտահանումը կարող է դժվարին դառնալ, քանի որ փաստացի բաց է միայն դեպի Վրաստան ու Իրան ցամաքային սահմանը, մյուս հարևան երկրների հետ սահմանը փակ է։ Մյուս կողմից պետք է հասկանալ, թե արդյո՞ք հայկական ապրանքները մրցունակ են արտերկրում։ Սա կարևոր է այն պատճառով, քանի որ վրացական կամ թուրքական ապրանքները, երբ մուտք են գործում Հայաստան, թե որակով, թե գնով տեղական ապրանքը զիջում է։

Հատկանշական է նաև, որ Հայաստանի արտահանման առաջնային գործընկերը Ռուսաստանն է։ Նախորդ ամիսներին հաճախակի էր քննարկվում Եվրամիության երկրների հետ առևտրի զարգացման հարցը՝ ի հակադրություն Ռուսաստանի հետ սրված հարաբերություններին։ Ամփոփելով կարող ենք ասել, որ արտահանումը կարող է մեծապես նպաստել տեղական շուկայի զարգացմանը, բայց որքանով այդ ապրանքները մրցունակ ու պահանջված կլինեն արտերկրում։