Մաքսային անցակետերում հայտնաբերվել են հազարավոր չհայտարարագրված ապրանքներ
Պետեկամուտների կոմիտեն ամփոփել է շաբաթվա ընթացքում մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքերը: Մեծաքանակ չհայտարարագրված ապրանքներ են հայտնաբերվել բեռնատարներում, ավտոբուսներում և միջազգային չվերթներով ժամանած քաղաքացիների մոտ:
Մասնավորապես, Բավրա սահմանային անցակետ ժամանած տրանսպորտային միջոցների զննության արդյունքում, հայտնաբերվել են առանց անհրաժեշտ փաստաթղթերի՝ 201 կգ եղևնու, 13 կգ արմավենու և 30 կգ էվկալիպտի թարմ ճյուղեր։
Բագրատաշեն անցակետում բեռնատարներից հայտնաբերվել է չհայտարարագրված 18 տոննա կոնֆետ, ինչպես նաև՝ 3350 կգ մանդարին և 1000 կգ արքայանարինջ։
Ագարակ մաքսային անցման կետում զննված բեռնատարներում և ավտոբուսներում 12 դեպքերում հայտնաբերվել է 6 հազար լիտր չհայտարարագրված դիզվառելիք, իսկ 16 դեպքերում՝ ավելի քան 38 հազար տուփ չհայտարարագրված և մաքսային հսկողությունից թաքցված ծխախոտ։
Օդային ճանապարհով՝ Զվարթնոց օդանավակայանում Միլան-Երևան, Աբու Դաբի-Երևան և Լոս Անջելոս-Վարշավա-Երևան չվերթներով, փորձ է արվել Հայաստան մտցնել թանկարժեք բրենդային ժամացույցներ՝ Cartier, Rolex և Patek Philippe։
Գոգավան մաքսային անցակետում ևս արվել են բացահայտումներ. մեկ բեռնատարի զննության արդյունքում հայտնաբերվել է 400 կգ չհայտարարագրված սերկևիլի, կումկվատի, դեղձի և արքայանարինջի չիր:
