Հայաստանում կրիպտոարժույթի կանխիկ վաճառքի թույլտվությունը կերկարաձգվի մինչև 2026 թվականի հուլիսի 1-ը
Ազգային ժողովը երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել է «Կրիպտոակտիվների մասին» օրենքում փոփոխությունները, որոնցով կրիպտոարժույթի կանխիկ վաճառքի թույլտվությունը կերկարաձգվի մինչև 2026 թվականի հուլիսի 1-ը։
Օրենքի սկզբնական տարբերակում նախատեսվում էր, որ կրիպտոարժույթի կանխիկ գործարքները կսահմանափակվեն արդեն 2025 թվականի հուլիսի 4-ից։ Սակայն իշխանությունները որոշել են մեկ տարով հետաձգել արգելքի՝ ուժի մեջ մտնելը՝ կրիպտոարժույթ փոխանակող ընկերություններին հնարավորություն տալով ստանալ Կենտրոնական բանկի համապատասխան լիցենզիաներ և հարմարվել նոր կարգավորումներին։
Մինչև 2026 թվականի հուլիսը ընկերություններին կթույլատրվի իրականացնել կանխիկ գործարքներ, սակայն սահմանված են մի շարք սահմանափակումներ։ Մեկ գործարքի գումարը չի կարող գերազանցել 300 հազար դրամը։ Բացի այդ՝ վաճառողը պարտավոր է նույնականացնել հաճախորդին և գրանցել իրականացվող բոլոր գործարքները։
Կենտրոնական բանկը կունենա ցանկացած պահի այդ պահանջների կատարման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու իրավունք։ Օրենքի հեղինակների խոսքով՝ փոփոխությունների նպատակն է ոլորտը դարձնել ավելի կարգավորված և վերահսկելի՝ միաժամանակ ապահովելով անցումային ժամանակաշրջան շուկայի մասնակիցների համար։
Մի շարք ուսումնասիրություններ ցույց են տալիս, որ թմրանյութերի վաճառքն էլ է իրականացվում կրիպտոներով, որովհետև Հայաստանում այս դաշտի վերահսկման հստակ մեխանիզմներ չկան։
