ՀայաստանՏնտեսություն

Ադրբեջանից Հայաստան կգան նավթամթերքով բեռնված գնացքները․ ի՞նչ է հայտնի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի ներմուծման գործընթացին՝ նշելով, որ այն արդեն սկսվել է։ Նրա խոսքով՝ ադրբեջանական արտադրության նավթամթերքով բեռնված առաջին գնացքը արդեն շարժվել է և ուղևորվում է դեպի Հայաստան։

Վարչապետը հայտնել է, որ առևտուրը իրականացվում է մասնավոր ընկերությունների միջև։ Նրա խոսքով՝ դրա համար անհրաժեշտ քաղաքական պայմանները ձևավորվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղ հարաբերությունների արդյունքում։ Նա ընդգծել է, որ ներկայումս խոսքը մեկ գնացքի մասին է։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ վրացական երկաթուղու սակագների հետ կապված կան որոշ հարցեր, սակայն դրանք հնարավոր է կարգավորել։ Եթե խնդիրները չլուծվեն, տնտեսվարողները կփնտրեն ներմուծման և արտահանման այլընտրանքային տարբերակներ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ադրբեջանական նավթամթերքի մատակարարման վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք է բերվել նոյեմբերի 28-ին Գաբալայում կայացած հանդիպման ընթացքում։ Ըստ ադրբեջանական APA գործակալության՝ այսօր Ադրբեջանից Հայաստան ուղարկվել է նավթամթերքի առաջին խմբաքանակը՝ 22 վագոն ԱԻ-95 տեսակի բենզին, որը արտադրվել է SOCAR ընկերության կողմից։

Նշվում է, որ գործարքը ունի բացառապես առևտրային բնույթ։ Բենզինը իրացվելու է միջազգային շուկային համապատասխան գներով։