ՀայաստանՏնտեսություն

Հայաստանում կառուցվում է տարածաշրջանի ամենամեծ շոկոլադի գործարանը

Հայաստանում ընթացքի մեջ է տարածաշրջանի խոշորագույն շոկոլադի գործարանի կառուցումը։ Նախատեսվում է, որ այն ամբողջությամբ կգործարկվի առաջիկա երեք տարիների ընթացքում։ Նոր արտադրական համալիրում կարտադրվի շոկոլադի և հրուշակեղենի լայն տեսականի՝ նախատեսված ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան շուկաների համար։

Նախագիծն իրականացնում է Վելլար գրուպ ընկերությունը։ Մինչ այս պահը ծրագրի շրջանակում ներդրվել է շուրջ 120 միլիոն եվրո։ Մոտ ապագայում նախատեսվում է ներդնել ևս 25 միլիոն եվրո։ Գործարանի տարածքը զբաղեցնում է մոտ 25 հեկտար տարածք և համալրված է հիմնականում գերմանական և դանիական արտադրության սարքավորումներով։

Ամբողջական գործարկումից հետո շոկոլադի արտադրական ծավալները կարող են հասնել օրական մինչև 200 տոննայի, իսկ աշխատատեղերի թիվը՝ շուրջ 2000-ի։ Գործարանում նախատեսվում է արտադրել շոկոլադե և կարամելային կոնֆետներ, սպիտակուցային ու մրգային բատոններ, շոկոլադապատ թխվածքաբլիթներ և վաֆլիներ, ինչպես նաև շոկոլադով պատված հայկական չրեր։

Նշվում է, որ ընկերությունն օգտվել է պետական աջակցության մի քանի ծրագրերից՝ ներառյալ մաքսատուրքից ազատման արտոնությունը և ենթակառուցվածքներին ուղղված ներդրումների խթանման մեխանիզմները։ «Վելլար գրուպ»-ը հանդիսանում է շվեդական ծագմամբ GNG միջազգային բիզնես խմբի ընկերություններից մեկը։

Հարկ է նշել, որ «Վելլար գրուպ» ընկերության 100 տոկոս սեփականատերը Գևորգ Նալբանդյանն է։ Նրան է պատկանում նաև «Fly Armenia Airways» ավիաընկերությունը, որը 2021 թվականին անվանափոխվել է «Hayways»-ի։ Գևորգ Նալբանդյանի անունն առնչվում է բիզնեսի տարբեր ոլորտների, այդ թվում՝ սննդի արդյունաբերություն (պահածոներ, գինիներ, ծխախոտ), կահույքի արտադրություն, առեւտուր, ֆինանսավարկային ոլորտ, հիմա՝ նաեւ ավիացիա: