Հայկական արտադրանքը ներկայացվում է Դուբայի «Gulfood 2026» ցուցահանդեսում
Հունվարի 26-30-ը ԱՄԷ-ի Դուբայ քաղաքում անցկացվում է «Gulfood 2026» սննդի և ոչ ալկոհոլային խմիչքների միջազգային ցուցահանդեսը, որին Հայաստանը մասնակցում է միասնական տաղավարով՝ ներկայացնելով 13 հայկական ընկերությունների արտադրանքը։
Հայկական ընկերությունների մասնակցությունը ֆինանսավորվում է ՀՀ պետական բյուջեից։
«Gulfood» ցուցահանդեսը անցկացվում է արդեն 31-րդ անգամ և միավորում է ավելի քան 120 երկրների ազգային տաղավարներ։
Ցուցահանդեսի ընթացքում հայկական տաղավար է այցելել Դուբայում ՀՀ գլխավոր հյուպատոս Արտակ Ավետիսյանը՝ ծանոթանալով ներկայացված արտադրանքին և հայ գործարարներին ներկայացնելով ԱՄԷ շուկա մուտք գործելու ստանդարտներն ու պահանջարկները։ Գլխավոր հյուպատոսը վստահեցրել է, որ հայկական ընկերություններին կցուցաբերվի շարունակական աջակցություն արտահանման բոլոր փուլերում։
ԱՄԷ-ում ՀՀ դեսպանի տնտեսական գծով խորհրդական Հայկ Մխիթարյանը կազմակերպել է հանդիպումներ ԱՄԷ խոշորագույն սուպերմարկետների ցանցերի ներկայացուցիչների հետ, այդ թվում՝ «Nesto Hypermarkets», «Blue Mart Supermarkets» և «West Zone Supermarkets»։
Ցուցահանդեսի շրջանակներում հայ գործարարներն ունեցել են ավելի քան 200 գործարար հանդիպում, որի արդյունքում մի շարք ընկերություններ արդեն ձեռք են բերել նախնական պայմանավորվածություններ առաջին խմբաքանակների արտահանման վերաբերյալ:
