Մեծամորի ԱԷԿ-ի գործունեությունը երկարացվելու է մինչև 2036-2046 թվականները
Հայաստանը գտնվում է մինչև 2036 թվականը ատոմակայանի գործունեությունը երկարացնելու ցիկլի մեջ, որից հետո ենթադրվում է ևս մեկ փուլ 10 տարով երկարացնելու, այսինքն մինչև 2046 թվականը։ Այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի հարցին:
Վերջինս հետաքրքրվել էր, թե երբ կփակվի Մեծամորի ԱԷԿ-ը, ինչ պայմաններում, արդյոք նախատեսվում է նոր ատոմակայան կառուցել, ինչպես կլինի այն և ում հետ կանցկացվի համագործակցությունը:
Փաշինյանը հայտնել է, որ Հայաստանում քննարկվում է ԱՄՆ-ի հետ միջուկային էներգետիկայի ոլորտում համագործակցությունը, և վերջնական որոշումը կկայացվի այն նախագծի օգտին, որը առավելագույնս կհամապատասխանի Հայաստանի շահերին:
Նա նաև հիշեցրել է, որ փետրվարի 9-ին Երևանում ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը ստորագրել է համաձայնագիր, որի շրջանակում ԱՄՆ-ն Հայաստանին կմատակարարի փոքր մոդուլային ռեակտորներ՝ ընդհանուր 9 մլրդ դոլար արժեքով. սկզբնական 5 մլրդ դոլարը նախատեսված է սարքավորումների համար, իսկ մնացած 4 մլրդ–ը՝ վառելիքի մատակարարման և ռեակտորի երկարաժամկետ սպասարկման համար:
Ի դեպ, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, խոսելով Երևանի և Վաշինգտոնի ատոմային նախագծերի մասին, նշել էր, որ միջուկային ոլորտում Ռուսաստանի փորձառությունն ավելի մեծ է, քան ԱՄՆ-ինը, իսկ ծառայությունների արժեքը՝ ավելի ցածր։

