4,5 տոննա սիգի ապօրինի որս. բացահայտված 50-ից ավելի դեպքեր

Սիգի ձվադրման սեզոնի հետ կապված՝ Սևանա լճում ամեն տարի սահմանվում է սիգի որսի արգելք։ Այս անգամ արգելքը գործել է անցած տարվա նոյեմբերի 20-ից մինչև փետրվարի 1-ը։

Պատասխանատու կառույցների տվյալներով՝ նախորդ տարվա համեմատ խախտումների թիվը նվազել է։ Դա պայմանավորում են ոչ միայն հսկող մարմինների ուժեղացված աշխատանքով, այլև քաղաքացիների իրավագիտակցության բարձրացմամբ։

Արգելքի ընթացքում առգրավվել և պահպանվող հատուկ տարածք են տեղափոխվել 27 լողամիջոց, ութ քարշակ և 189 ձկնորսական ցանց։

Ապօրինի տեղափոխման մի քանի դեպք բացահայտվել է ճանապարհային ստուգումների ընթացքում։ Գեղարքունիքի մարզի ջրային պարեկները Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին կանգնեցրել են մի ավտոմեքենա, որի շարժիչի ծածկոցի տակ հայտնաբերվել է 74 հատ սիգ, Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ճանապարհին կանգնեցված քարշակի միջոցով տեղափոխվող «Օպել» մակնիշի մեքենայի սրահում՝ 230 կիլոգրամ սիգ։

Գեղարքունիքի մարզային գումարտակի պարեկները բացահայտել են ապօրինի որսի 58 դեպք, որոնցից 40-ի վերաբերյալ նախաձեռնվել է վարչական, իսկ 18-ի՝ քրեական վարույթ։ Հայտնաբերվել և առգրավվել է շուրջ 12 հազար սիգ՝ մոտ 4,5 տոննա ընդհանուր քաշով։

Հանրապետության տարբեր մարզերում ևս արձանագրվել են դեպքեր։ Մասնավորապես՝ Շիրակի մարզում հայտնաբերվել է 273 կգ, Վայոց ձորում՝ 32 կգ, Տավուշում՝ 147 կգ, Կոտայքում՝ 182 կգ սիգ։ Վաճառքի դեպքեր են կանխվել նաև մայրաքաղաքում։

Մարինա Գրիգորյան