Կարկտահարությունից տուժած հողօգտագործողներին փոխհատուցումներ կտրամադրվեն

Կառավարությունը որոշել է ամբողջությամբ փոխհատուցել մարզերում տեղացած կարկուտի հետևանքով վնասներ կրած հողօգտագործողների ծախսերը։

Կառավարությունից հայտնում են, որ 2024 և 2025 թվականներին Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Տավուշի և Սյունիքի մարզերում տեղացած կարկուտի հետևանքով հողօգտագործողներին պատճառված վնասը կազմել է 2 մլրդ 717 մլն 357 հազար 895 դրամ։

2025 թվականի ընթացքում փոխհատուցվել է 1 մլրդ 714 մլն 662 հազար 611 դրամ։ Արդյունքում Արմավիրի մարզի Մեծամոր համայնքը (2024 թվականին կրած վնասի մասով), Արմավիր և Բաղրամյան համայնքները (2025 թվականին կրած վնասի մասով), ինչպես նաև Արագածոտնի մարզի Աշտարակ և Լոռու մարզի Գյուլագարակ համայնքները կարկտահարության հետևանքով կրած վնասների համար ստացել են մասնակի փոխհատուցում։

Փաստացի վնասի և արդեն փոխհատուցված գումարների տարբերությունը վճարելու նպատակով անհրաժեշտ է 2026 թվականի պետական բյուջեում կատարել վերաբաշխում։ Առկա ֆինանսական պարտավորությունները ամբողջությամբ մարելու համար կպահանջվի 1 մլրդ 2 մլն 695 հազար 284.4 դրամ։