Կենտրոնական բանկի ղեկավարը անդրադարձել է Մերձավոր Արևելքի լարվածությանը. Հայաստանում գնաճը կարող է աճել մինչև 1.7%

Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումը կարող է Հայաստանում գնաճի վրա ունենալ 1.2–1.7 տոկոսի ազդեցություն։ Այս մասին հայտարարել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Նրա խոսքով՝ հնարավոր գնաճային ազդեցությունը պայմանավորված է մի քանի գործոնով՝ նավթի գների աճով, ներմուծման այլընտրանքային ճանապարհների օգտագործմամբ պայմանավորված ծախսերի ավելացմամբ, ինչպես նաև Իրանից ներմուծվող որոշ պարենային ապրանքների փոխարինմամբ։

Միաժամանակ ԿԲ նախագահը նշել է, որ խոսքը ռիսկերի մասին է, և նշված զարգացումները պարտադիր չեն, որ ամբողջությամբ իրականություն դառնան։

Գալստյանի գնահատմամբ՝ հակամարտությունը մի կողմից մեծացնում է համաշխարհային տնտեսության դանդաղման ռիսկերը, մյուս կողմից՝ պարունակում է գնաճի պոտենցիալ, ինչը Հայաստանի համար անցանկալի է։

Նա ընդգծել է, որ համաշխարհային տնտեսական ակտիվության հնարավոր նվազումը կազդի նաև Հայաստանի տնտեսական աճի վրա։ Ըստ նրա՝ արտաքին պահանջարկի նվազումը կարող է հանգեցնել նաև զբոսաշրջության կրճատման։

ԿԲ նախագահի խոսքով՝ ռիսկեր կան նաև արտահանման ոլորտում՝ կապված Միջին Արևելքի շուկաներում իրացման հնարավոր սահմանափակումների և լոգիստիկ խնդիրների հետ։

Նա հավելել է, որ նավթի և էներգակիրների թանկացումը կարող է բարձրացնել նաև ապրանքների ինքնարժեքը, ինչը կարտահայտվի վերջնական գների մեջ։

Գալստյանը նշել է նաև, որ փետրվարին 12-ամսյա գնաճը կազմել է 4.7 տոկոս, իսկ Իրանի շուրջ զարգացումների ազդեցությունը կարտացոլվի արդեն մարտի տվյալներում։

Միաժամանակ, ըստ նրա, ապրիլի 1-ից նախատեսվող կենսաթոշակների բարձրացումը մինչև 2026 թվականի վերջ կարող է բերել լրացուցիչ 0.1–0.2 տոկոս գնաճի։