
Էկոնոմիկայի նախարարության նոր առաջարկով Հայաստանի բյուջեն կարող է ավելանալ 38,7 մլրդ դրամով
Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է արտահանմանը աջակցելու ևս մեկ ծրագիր՝ փոխհատուցելով տրանսպորտային ծախսերը։
Գնահատվում է, որ տրանսպորտային ծախսերի 30 տոկոս նվազման դեպքում արտահանման ծավալները կարող են զգալիորեն աճել, ինչը կնպաստի բյուջեի եկամուտների ավելացմանը երեք տարվա ընթացքում 38,7 մլրդ դրամով։
Նախագիծը քննարկման է ներկայացված իրավական ակտերի e-draft միասնական պորտալում: Ինչպես նշվում է փաստաթղթի պարզաբանման մեջ, կառավարությունը մտադիր է խթանել ոչ միայն ռեսուրսային ապրանքների արտահանումը, այլև մտնել նոր շուկաներ և նվազեցնել տրանսպորտային ծախսերի ազդեցությունը հայկական ապրանքների գնագոյացման վրա։
Առաջարկվում է օդային փոխադրումների համար կոմերցիոն օդային տրանսպորտով արտահանվող ապրանքի համար մինչև 1200 դրամի չափով փոխհատուցում 1կգ-ի դիմաց։ Ավտոմոբիլային տրանսպորտի համար փոխհատուցման չափը կկազմի մինչև 25 հազար դրամ՝ արտահանվող ապրանքի յուրաքանչյուր տոննայի դիմաց։