
Հայկական ապրանքը կորցրել է իր մրցունակությունը Ռուսաստանում
Նոյեմբեի 27-ին և դրան հաջորդող օրերին դոլարի փոխարժեքի փոփոխությունները (397 դրամ) քիչ թե շատ ազդել են արդեն Հայաստանի տնտեսության վրա։ Մի շարք ապրանքների գներ խանութներում արդեն բարձրացել են՝ հայտնվելով հանրային քննարկումների առանցքում։ Տնտեսագետ Աղասի Թավադյանի կարծիքով՝ այս գործընթացը պայմանավորված է Ռուսաստանի հանդեպ կիրառված պատժամիջոցներով և դրամավարկային քաղաքականության սահմանափակումներով։
Այս պահին Ռուսաստանի հանդեպ կիրառվում է շուրջ 23 հազար պատժամիջոց։ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարեց, որ Եվրամիությունը այլևս Ռուսաստանից գազ չի ներկրի։ Դրանից հետո ռուսական ռուբլու գինը կտրուկ իջավ։ Սակայն իրավիճակը արդեն կարգավորվել է։ Շուկան չորեքշաբթի օրվա համեմատ ավելի է հանդարտվել։
Ռուսական շուկան Հայաստանի արտաքին առևտրի առանցքային գործընկերներից է։ Հատկապես գյուղատնտեսական արտադրանքների արտահանումը, զբոսաշրջությունը երկու երկրների միջև մեծ ծավալների են հասնում։ Ըստ պաշտոնական տվյալների՝ այս տարվա հունվար-հուլիս ամիսների ընթացքում ընդհանուր առևտրաշրջանառությունը կազմել է 9.32 միլիարդ դոլար։ Սակայն ռուբլու արժեզրկումը ազդում է Ռուսաստանում հայկական ապրանքների մրցունակության վրա։
Եթե մեր գործարարներից մեկը Ռուսաստան էր արտահանում ինչ-որ ապրանք և 2022 թվականին, պայմանական, վաճառում էր 6 դրամով՝ 1 ռուբլով, այս պահին արդեն 6 դրամով վաճառելու դեպքում Ռուսաստանում այն կլինի ոչ թե 1 ռուբլիով, այլ 1․6, 1․7 ռուբլիով։ Այսինքն՝ մեր ապրանքը կորցրել է իր մրցունակությունը Ռուսաստանում։
Արժույթի միջազգային հիմնադրամի (IMF) վերջին զեկույցներում կարելի է տեսնել, որ հայկական դրամը հիմնականում կայուն է մնում՝ ո՛չ կտրուկ արժեզրկումներ կան, ո՛չ էլ թանկացումներ։
Դե յուրե հայկական փոխարժեքը պիտի լինի ազատ լողացող, բայց դե ֆակտո այդպես չէ։ Եթե նայենք վրացական լարիին, այն ժամանակի ընթացքում ազատ լողում է՝ այսինքն՝ մի օր մի արժեք է, մյուս օրը՝ այլ։ Մեր տնտեսվարողները սովոր են, որ դրամը կցված է դոլարին։ Մեր տնտեսվարողները դոլարի նույնիսկ ամենաչնչին տատանումները զգայուն են տանում, որը խնդրահարույց է։
Տնտեսագետը նշեց, որ դոլարի աճի պայմաններում բենզինը նույնպես կթանկանա՝ մոտ 10-20 դրամով։ Դրա հիմնական պատճառն այն է, որ բենզինը Հայաստանը գնում է դոլարով և նույն քանակի բենզին գնելու համար տնտեսվարողները ստիպված են լինելու գնել ավելի թանկ գնով։
Փոխարժեքը իրենից երկկողմանի սուր է ներկայացնում կառավարության և կենտրոնական բանկի համար։ Ինչ է սա նշանակում։ Դրամի թանկացումը ազդում է ՏՏ ոլորտի, զբոսաշրջության, արտահանման և այլնի վրա, բայց դրամի արժեզրկումը կարող է արդեն թանկացումներ բերել երկրի ներսում։