ՀայաստանՏնտեսություն

Հաստատվեց 2025 թվականի պետական բյուջեի նախագիծը

66 կողմ, 30 դեմ և 0 ձեռնպահ ձայներով Ազգային ժողովը հաստատեց 2025 թվականի պետական բյուջեի նախագիծը։

2025 թվականին Կառավարությունը նախատեսում է ծախսել 3 տրլն 482 մլրդ դրամ։ Գալիք տարվա ընթացքում պետբյուջեին կավելանա 2 տրլն 873 մլրդ դրամ հարկեր, տուրքեր և այլ եկամուտներ։ Դեֆիցիտը կկազմի 609 մլրդ դրամ։

2025 թվականին պետբյուջեի կապիտալ ծախսերը կկազմեն 733 մլրդ դրամ։ 2024 թվականի պետբյուջեի համեմատ՝ կապիտալ ծախսերը այս տարվա բյուջեով 5,4 տոկոսով կգերազանցեն։ Կապիտալ ծախսերի 55,8 տոկոսը ուղղվելու է պաշտպանության ոլորտին։ Պաշտպանության ոլորտի ծախսերը կկազմեն 664,7 մլրդ դրամ, որը 20 տոկոսով կգերազանցի 2024 թվականի ծախսերին։ Սոցիալական պաշտպանության ծախսերը կկազմեն 905 մլրդ դրամ։ Կրթության ոլորտին պետբյուջեով կտրամադրվի 300 մլրդ դրամ։

Ազգային ժողովում ընդունվեց նաև «Պետական տուրքի մասին» օրենքի փոփոխությունը: Առաջարկվում է քաղաքացիության շնորհման համար 1000 դրամ պետական տուրքի փոխարեն սահմանել 50 հազար պետական տուրք, իսկ դադարեցման 25 հազար դրամի փոխարեն՝ 150 հազար պետական տուրք: Փախստականների համար կգործի տուրքից ազատման բաղադրիչ. դա կվերաբերի Արցախից բռնի տեղահանվածներին: