ՀայաստանՏնտեսություն

Քննարկվել է Հայաստան-ԱՄՆ ուղիղ չվերթներ բացելու հնարավորությունը

Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը ԱՄՆ դեսպան Քրիստինա Քուինի հետ քննարկել է դեպի ԱՄՆ ուղիղ չվերթներ բացելու հնարավորությունը։ Այս ուղղությամբ աշխատանքներ են տարվում։

2024 թվակիանի սեպտեմբերին Ազգային ժողովի նիստում ՏԿԵ փոխնախարար Արմեն Սիմոնյանը հայտարարել էր, որ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը քննարկում է Երևան-Լոս Անջելես և Երևան-Նյու Յորք ուղիղ չվերթներ սկսելու հարցը։

Նա, մասավորապես, ասել էր, որ Երևան-Լոս Անջելես և Երևան-Նյու Յորք ուղիղ չվերթի մասով քննարկում ունեցել են։ Օրենսդրական որոշակի խնդիրներ կան, նախարարությունը պետք է հասկանա, թե ինչպես այդ ուղղությամբ շարժվել, որովհետև կոդերի Եվրամիության օդային տարածքով չվերթ իրականացնելու և նմանատիպ բազմաթիվ տեխնիկական հարցեր կան, որոնց պատասխան պետք է տրվի։ Փոխնախարարը կարծում էր, որ այդ ուղղությամբ նույնպես կունենան առաջընթաց։

Հայաստանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև 2008 թվականի նոյեմբերին օդային հաղորդակցության ոլորտում «Բաց երկինք» համաձայնագիր է կնքվել։ Այն ժամանակ նշվում էր, որ առաջին ուղիղ չվերթը հնարավոր կլինի իրականացնել մինչեւ 2009 թվականի ավարտը։

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը դեռ 2017 թվականին ստորագրահավաք էր սկսել Լոս Անջելես-Երևան և հակառակ ուղղություններով ուղիղ թռիչքներ իրականացնելու պահանջով։ Դրանից հետո որևէ արձագանք չեղավ։