
Ռուսաստանին զենքի համար վճարած միջոցները Հայաստանի պարտքի նվազեցման տարբերակ կդառնա՞
Հայաստանի ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ամփոփիչ ասուլիսի ժամանակ խոսել է Ռուսաստանի կողմից չմատակարարված զենքի մասին, ինչպես նաև անդրադարձել է Ռուսաստանի հետ երկկողմ պարտավորությունների շրջանակում առաջացած պարտքը հաշվանցելուն։
Նախարարը նշել է, որ դրանք գաղտնի պրոցեսներ են, չի կարող որևէ տեղեկատվություն տրամադրել։ Այ հարցին, թե հնարավո՞ր է, որ այդ գումարը մարվի որպես պետական պարտք, Հովհաննիսյանը ուղիղ չպատասխանեց։
Կա պրոցես, որտեղ մենք գնումներ ենք իրականացրել, այդ գնումների մի մասը չի իրականացվել, մի մասն ուշացումով է իրականացվել, սակայն մանրամասներին չեմ տիրապետում, քանի որ մատակարարումներով զբաղվում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ Այո՛, ունենք երկխոսություն` առկա պարտքը հաշվանցելու, սակայն դրանք գաղտնի պրոցեսներ են։ Կան երկկողմանի պարտավորություններ, որոնք առաջացել են այս կամ այն փուլում, ու այդ պարտավորությունները միմյանց հետ հաշվանցելու մասին քննարկում գոյություն ունի։
Բազմիցս նշվել է, որ Հայաստանը զենք է գնել Ռուսաստանից, բայց դրանք չեն մատակարարվել Հայաստան։ Խոսքը շուրջ 250 մլն դոլարի մասին է։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 24-ին հայտարարել էր, որ քննարկվում է Ռուսաստանին զենքի գնման համար վճարած միջոցների հաշվին Հայաստանի պարտքի նվազեցման տարբերակը։