
Հայաստանը նախատեսում է 2025 թվականին եվրոբոնդ թողարկել. ի՞նչ է այն
Հայաստանը նախատեսում է 2025 թվականին եվրոբոնդ թողարկել։ Դրա համար նախապատրաստական աշխատանքներ են տարվում: Սրա մասին տարեկան ամփոփիչ ասուլիսում ասել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:
Հովհաննիսյանը նշել է, որ միջնաժամկետ պարտքի ռազմավարության մեջ նշված է, որ Հայաստանը 2025 թվականին թողարկելու է եվրոբոնդ: Ուրախությամբ հավելել է, որ վերաֆինանսավորման ռիսկը մեծապես նվազեցրել են, որովհետև 2025 թվականին մարվող եվրոբոնդի մի մասն անցյալ տարի հետ են գնել:
Այն բեռը, որն ունենք վճարելու մյուս տարի, էականորեն թեթևացրել ենք: Հայաստանը պլանավորում է գնալ այդ ուղղությամբ, նախապատրաստական աշխատանքներ ենք կատարում: Ժամկետների մասին հավելյալ կտեղեկացնենք
Հայաստանի կառավարությունը ակնկալում է, որ 2024 թվականի արդյունքում համախառն ներքին արդյունքը կաճի 5.5 տոկոսով, իսկ պետական պարտքը կլինի ՀՆԱ-ի մոտ 50 տոկոսի շրջանակում:
Եվրոբոնդը պարտքային արժեթուղթ է։ Այդպես է կոչվում, քանի որ վաճառվող եվրոբոնդի գնորդը պարտավորվում է վերադարձնել գումարը տոկոսադրույքով, որը որոշվում է մի շարք գործոններով՝ պայմանավորված գնորդի ռիսկային գնահատմամբ: Այն նախատեսված է միջազգային շուկաներում վաճառքի համար՝ հիմնականում եվրոպական երկրներում։
Եվրոբոնդերը հիմնականում թողարկվում են եվրոյով, սակայն դրանք կարող են նաև լինել այլ արժույթներով։ Եվրոբոնդերը կարող են լինել գործիք` հավաքելու գումար ֆինանսական կարիքների համար՝ ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ պլանների համար։
2021 թվականին Հայաստանը շուրջ 750 մլն դոլարի եվրոբոնդ էր թողարկել՝ 10 տարի ժամկետայնությամբ, 3.875 տոկոս եկամտաբերությամբ։