
Սերբիայից ներմուծվող որոշ ապրանքների նկատմամբ սակագնային քվոտա կկիրառվի
Հայաստանի կառավարությունը նախատեսում է սահմանել սակագնային քվոտաներ 2025 թվականին Սերբիայի Հանրապետությունից ներմուծվող որոշակի ապրանքների համար: Որոշման նախագծի համաձայն՝ քվոտաները կվերաբերեն պանիրներին (2 տոննա), թրմօղիներին (8708 սպիրտային լիտր) և ծխախոտի արտադրանքին (5 միլիոն հատ):
Քվոտաների կիրառման հիմնական նպատակն է կարգավորել ներմուծման ծավալները և ապահովել տեղական արտադրողների շահերի պաշտպանությունը։ Քվոտաների բաշխումը կիրականացվի երկու հիմնական խմբերի միջև՝ պատմական գնորդներ և արտաքին տնտեսական գործունեության այլ մասնակիցներ: Պատմական գնորդներն ունեն առավելություն՝ հիմնվելով նախորդ տարիներին ներմուծված ապրանքների ծավալների վրա: Մնացած ծավալները կբաշխվեն այլ ներմուծողների միջև: Ըստ այդմ՝ պատմական գնորդների համար` 2025 թվականի համար ներմուծումների ընդհանուր թույլատրելի ծավալի 75 տոկոսը կկազմի, այլ արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների համար՝ 25 տոկոսը:
Արտաքին տնտեսական գործունեության մասնակիցները պետք է հայտեր ներկայացնեն մինչև 2025 թվականի համար նախատեսված ներմուծման թույլատրելի ծավալի լիցենզիա ստանալու համար։
Լիցենզիաները տրամադրվելու են էլեկտրոնային եղանակով, իսկ թերի փաստաթղթերի դեպքում ներմուծողները կունենան 2 աշխատանքային օր դրանք լրացնելու համար: Լիցենզիաները կգործեն մինչև 2025 թվականի ավարտը, իսկ չօգտագործված քվոտաների մասին տեղեկատվությունը պետք է ներկայացվի մինչև 2025 թվականի օգոստոսի 10-ը: