Հայաստանում գյուղմթերքի արտահանման ծավալն աճել է 13,8 տոկոսով
Հայաստանում այս տարվա գյուղմթերքի արտահանման ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 13,8 տոկոսով։ Այդ մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կառավարության՝ հոկտեմբերի 23-ի նիստում։
Վարչապետի խոսքով, որոշ մթերքների արտահանման աճը եղել է հատկապես նշանակալի․ ծիրանի արտահանումը աճել է 25,5 %, սալորինը՝ 61,1 % , դեղձինը՝ 87,1 %, կեռասինը՝ 123 %, տանձինը՝ 245 %, լոլիկինը՝ 12 %, պղպեղինը՝ 62 %, կաղամբինը՝ 843 %, սմբուկինը՝ 72 %: Հատով ծաղիկի արտահանման աճը կազմել է հատով 6,4 տոկոս, տոննայով՝ 116 տոկոս։
Փաշինյանը նշեց, որ հատկապես ուրախ է տանձի արտահանման աճից, քանի որ նախկինում Հայաստանը հիմնականում ներկրում էր այս միրգը։
Ես 90 տոկոսով վստահ եմ, որ սա ինտենսիվ այգիներում աճեցված տանձ է, որը համապատասխանում է ստանդարտին և կարելի է արտահանել, – ասաց նա։
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն անդրադարձավ խաղողի մթերման ընթացքին՝ նշելով, որ տեխնիկական բոլոր սորտերի մթերումն արդեն ավարտված է։ Այս պահի դրությամբ մթերվել է մոտ 211 հազար տոննա խաղող, մինչդեռ ամբողջ 2024 թվականին մթերվել էր 164 200 տոննա։ Նախարարի խոսքով՝ մթերման գործընթացում մնացել է միայն Արենի սորտի և մի քանի այլ տեսակների խաղող, որը կմթերվի առաջիկա օրերին։
